Արագածոտնի մի քանի դպրոցներում այսօրվանից դասապրոցեսը սկսվել է ժամը 10-ից
«Արագածոտնի մարզի Արուճ, Նոր Ամանոս, Գետափ, Օշական համայնքների դպրոցներում այսօրվանից դասապրոցեսը սկսվում է ժամը 10-ից՝ 30 րոպե տևողությամբ դասաժամերով»,-այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Արագածոտնի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ` Մամիկոն Աբգարյանը:
Նրա խոսքով՝ մարզում դպրոցները ջեռուցվում են էլեկտրաէներգիայի, գազի և հեղուկ վառելանյութի միջոցով. «Նշված համայնքների դպրոցների շենքային պայմանները նորմալ են, սակայն այնտեղ եղանակը բավականին ցուրտ է, կլիման էլ շատ խոնավ և որքան էլ որ ջեռուցում են, չեն հասցնում դասասենյակներում +17 աստիճան ապահովել»:
Մարզպետարանից նշեցին նաև, որ մինչ նախարարի այս առաջարկը, մարզում նման փորձ արդեն եղել է՝ հեռավոր բարձր լեռնային գյուղերի դպրոցներից դիմել էին դասապրոցեսը 9:30-ով սկսելու առաջարկով:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Գարիկ Տոնոյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ մարզպետարանի և կրթության, և առողջապահության վարչությունները պարբերական մոնիթորինգ են անցկացնել դպրոցներում թե նախորդ տարվա դեկտեմբերին, և թե այս տարվա առաջին աշխատանքային օրը և այս պահի դրությամբ մարզի համայնքներում ջեռուցման հետ կապպած խնդիր չկա:
«Մարզում դպրոցների գերակշռող մասը ֆիզիկապես ի վիճակի է ապահովել ջեռուցման սանիտարական նորմերը: Ներկա պահին մարզի դպրոցներում դասապրոցեսն ընթանում է ըստ սահմանված աշխատանքային ռեժիմի, շրջաբերականներն ուղարկվել են դպրոցներ, օրվա ընթացքում հնարավոր է դպրոցների կողմից առաջարկություններ լինեն: Ունենք ընդամենը երկու դպրոց՝ Կաթնաղբյուր ու Յաղդան համայնքների, որտեղ ուսուցիչները գյուղաբնակ չեն, գալիս են այլ համայնքներից, և չուշանալու համար համապատասխան գրավոր թույլտվությամբ այդ դպրոցներում դասապրոցեսը սկսում ժամը 9:30-ից, դա վերաբերում է ողջ ուսումնական տարվան և եղանակային պայմանների հետ կապ չունի»,-նշեց Panorama-ի զրուցակիցը:
Շիրակի և Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան վարչություններից ևս նշեցին, որ բոլոր դպրոցներին գրավոր շրջաբերականներն ուղարկվել են, ներկա պահին որևէ առաջարկություն չունեն:
«Շրջաբերականներն ուղարկվել են Արարատի մարզի դպրոցներ, այս պահին նրանց հետ քննարկումներ են գնում: Հստակ չեմ կարող ասել, թե քանի դպրոցում դասապրոցեսը կսկսվի ժամը 10-ից, սակայն կարծում եմ, որ կլինեն այդպիսի դպրոցներ, քանի որ մարզում ունենք 25-30 պրոցներ, որտեղ ջեռուցումը էլեկտրական սալիկներով է իրականացվում և չեն հասցնում համապատասխան ջերմաստիճան ապահովել»,-ասաց Արարատի մարզպետարանի կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԿԳՆ-ում չգիտեն՝ քանի դպրոց կընդունի իրենց առաջարկությունը
- Դասասենյակներում համապատասխան ջերմաստիճան չլինելու դեպքում նախարարն առաջարկել է կրճատել դասաժամերը
- ԿԳՆ. Այս պահին ձմեռային արձակուրդը երկարաձգելու որևէ հիմք կամ պատճառ չկա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին