Այնպիսի վիճակ չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կտրված է ամեն ինչից. Արմեն Մարտիրոսյան
««Ժառանգություն» կուսակցությունում ամեն ինչ նորմալ է, և մեր մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են», -այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով կուսակցության պառակտման մասին լուրերին, ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նշենք, որ կուսակցությունում տարաձայնությունների մասին հայտնի դարձավ ամանորից առաջ, երբ կուսակցության վարչությունը իշխանափոխության մանիֆեստի առաջարկով հանդես եկավ՝ ընդդիմադիր ուժերին ներկայացնելով դրույթներ այն մասին, թե ինչի շուրջ է պետք համաձայնության գալ:
«Առայժմ չբացառելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության որևէ, այդ թվում առանձին ցուցակով գնալու, ձեւաչափ, «Ժառանգությունն», այդուհանդերձ շարունակում է իր բոլոր ջանքերը գործադրել ընդդիմադիր հնարավորինս լայն դաշինքի ձեւավորման ուղղությամբ՝ տեսնելով դրանում երկրում իրավիճակ փոխելու եւ իշխանափոխություն իրականացնելու հնարավորություն», -ասված էր կուսակցության տարածած հայտարարության մեջ:
Այս հայտարարությունից անմիջապես հետո, կուսակցության մեկ այլ անդամ Զարուհի Փոստանջյանը հարցազրույց տվեց «Առաջին լրատվականին» և հայտարարեց, որ կուսակցության կողմից տարածված հայտարարությունը իրենց միասնական տեսակետը չէ:
«Սա Հովսեփ Խուրշուդյանի անձնական նախաձեռնությունն է, որը նա մեկ օր առաջ ներկայացրել է վարչության անդամներին: Վարչության անդամներն այդ հարցի վերաբերյալ չեն ունեցել միասնական դիրքորոշում և այս հարցի վերաբերյալ որոշում չի կայացվել», -ասել էր Փոստանջյանը:
Այս առնչությամբ պարոն Մարտիրոսյանն ասաց, որ Զարուհի Փոստանջյանն իր մոտեցումները կարողանում է «շատ լավ արտահայտել ոչ միայն կուսակցությունում, այլ նաև կուսակցությունից դուրս»: «Ինքն իր մոտեցումներն ունի, իսկ «Ժառանգության» հայտարարության հետ կապված վարչությունը դա ընդունել է ու դրանում ամեն ինչ ասված է», -նշեց կուսակցականը:
Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին, ըստ ԿԸՀ հաստատած ժամանակացույցի առաջադրումները մեկնարկելու են փետրվարի 6-ին: Մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել առաջադրումներին, սակայն «Ժառանգություն» կուսակցությունում դեռ չեն որոշել մասնակցելո՞ւ են խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ:
«Այս պահին, քանի որ քննարկումները շարունակվում են, որևէ հստակություն չեմ կարող ներկայացնել, որովհետև ակնհայտ է՝ այդ քննարկումները պետք է ամբողջովին ավարտվեն, նոր դրանից հետո արդեն կտեսնենք՝ ինչ կա գետնի վրա և ըստ դրա արդեն որոշումները կկայացնենք», -ասաց պարոն Մարտիրոսյանը:
Հարցին, թե այնուամենայնիվ, հնարավոր համարո՞ւմ է, որ «Ժառանգությունը» չմասնակցի խորհրդարանական ընտրություններին, Մարտիրոսյանը պատասխանեց. «Դա ամենավերջին տարբերակն է: Դա տեսականորեն չեմ կարող բացառել, բայց գործնականում այդ հարցը դեռևս չի քննարկվում»:
Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է մտածում կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը այս ամենի մասին, տեղյա՞կ է՝ ի վերջո ինչ է կատարվում կուսակցությունում: Մարտիրոսյանն ի պատասխան ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ անմիջական, ամենօրյա կապի մեջ է ու հավելեց.
«Ինչ տեղի է ունենում այստեղ, ես ներկայացնում եմ պարոն Հովհաննիսյանին: Ինքը ևս որոշակի հարցեր է բարձրացնում: Այնպիսի վիճակ չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կտրված է ամեն ինչից և առանձնահատուկ իրավիճակ է ստեղծվել «Ժառանգություն»-ում»:
Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի ղեկավարած «Համախմբում» կուսակցության հետ հնարավոր համագործակցությանը՝ հաշվի առնելով այն, որ Օսկանյանը 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ իշխանության մաս էր, ապա Արմեն Մարտիրոսյանը նախ հիշեցրեց 2012 թվականի ընտրություններում Օսկանյանի հետ քննարկումները ընտրական շտաբի շրջանակներում, այնուհետև հավելեց.
«Օսկանյանը որպես արտգործնախարար իր թիմի պաշտպանությունն է իրականացրել ժամանակին, ինչը արել են նաև թիմի մյուս անդամները: Ակնհայտ է, որ եթե մեկը փորձում է երկրում իրավիճակ փոխել և այդ ցանկությունը համադրելի է քո ցանկության հետ, ապա պետք է համատեղ ուժերով այդ ցանկությունը կյանքի կոչել»:
Այդուհանդերձ, Մարտիրոսյանը վաղ համարեց հրապարակել կուսակցությունների ցանկը, որոնց հետ բանակցություններ է վարում «Ժառանգությունը» և բավարարվեց ասելով. «Ընդդիմադիր լայն շրջանակների հետ հանդիպումներ անցկացնում եմ»:
Դիտարկմանը, թե մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել առաջադրումների մեկնարկին, Մարտիրոսյանը պատասխանեց կարճ՝ ոչինչ ու նկատեց, որ «Ժառանգությունը» միշտ էլ վերջին պահին է ցուցակը ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան