Լեոնարդո դա Վինչիի գծանկարը ճանաչվել է Ֆրանսիայի ազգային հարստություն
Ֆրանսիայի ազգային հարստություն է ճանաչվել վերածննդի իտալացի գեղանկարիչ Լեոնարդո դա Վինչիի՝ նախորդ տարի հայտնաբերված գծանկարը, ինչը նշանակում է, որ այն այժմ մասնավոր սեփականատիրոջից ձեռք է բերելու հենց ֆրանսիական պետությունը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են Tajan աճուրդային տնից:
Փորձագետները գնահատում են վարպետի այս աշխատանքը 15 միլիոն եվրո: Ֆրանսիական պետությանը, նախ և առաջ մշակույթի նախարարությունը, պետք է 30 ամսվա ընթացքում նման գումար գտնի: Tajan աճուրդային տանից հայտնել են, որ թանկարժեք ստեղծագործության ձեռք բերման շուրջ ներկայումս Լուվրի տնօրինության հետ բանակցություններ չեն վարվում: Լուվրն ունի սահմանափակ միջոցներ և հնարավորություն ունի այս դեպքում տրամադրել 2 միլիոնից ոչ ավելի գումար:
Դա Վինչիի վաղ շրջանի աշխատանքը հայտնաբերվել է Tajan-ի փորձագետի կողմից անցած ամառ, երբ նա ուսումնասիրել է գրաֆիկական աշխատանքներով մի թղթապանակ, որը նրան տրամադրել էր ֆրանսիացի մի բժիշկ՝ վաճառք կազմակերպելու համար: Այդ աշխատանքները նա ժառանգություն էր ստացել հորից: 14 թղթերի մեջ փորձագետը տեսել է Սուրբ Սեբաստիանի պատկերը: Մանրազնինն ուսումնասիրելուց հետո ակնհայտ է դարձել, որ սա Սուրբ Սեբաստիանի՝ դա Վինչիի նկարած ութ պատկերներից մեկն է: Նախկինում այդ ութ աշխատանքից հայտնի էին միայն երկուսը: Փորաձագետները կարծում են, որ աշխատանքն արված է 1482-1485 թվականներին: Այն արված է մատիտով և տուշով: Նրանք նաև պնդում են, որ գծանկարն արված է ձախ ձեռքով, դա Վինչին եղել է ձախլիկ: