Մատենադարանի կառավարման խորհուրդը դեռևս չի համալրվել
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի մահից անցել է արդեն չորս ամիս, սակայն դեռևս տնօրենի պաշտոնի համար մրցույթ չի հայտարարվել: Panorama.am-ի հետ զրույցում Մատենադարանի տնօրենի նորագույն տեխնոլոգիաների և հրատարակչական հարցերի գծով խորհրդական Գուրգեն Գասպարյանն ասաց, որ, ըստ օրենքի, ժամանակավոր պաշտոնակատարն առավելագույնը վեց ամիս կարող է պաշտոնավարել, վեց ամսվա ընթացքում պետք է տնօրենի պաշտոնի համար հայտարարվի մրցույթ և մրցույթը պետք է կայանա:
Նա նշեց, որ ժամկետը լրանում է ապրիլի սկզբին և մինչ այդ կհայտարարվի մրցույթ:
Եթե մրցույթի արդյունքում որևէ մեկը չընտրվի, այդ դեպքում պաշտոնակատարը ևս երեք ամիս կշարունակի պաշտոնավարումը: Եթե այդ ընթացքում էլ չընտրվի տնօրեն, կնշանակվի նոր պաշտոնակատար՝ մինչև ընտրվի տնօրեն:
Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում Գ. Գասպարյանն ասել էր, որ Մատենադարանի տնօրենն ընտրվում է Մատենադարանի կառավարման խորհրդի կողմից. «Խորհուրդի կազմում պետք է ընդգրկված լինի 39 հոգի՝ կեսը մատենադարանցիները, կեսը՝ կառավարության ներկայացուցիչներ: Տնօրենի ընտրությանը պետք է բոլոր 39 հոգին ներկա լինեն: Սակայն այսօր խորհրդի կազմում 39 հոգի չկա. որոշ մարդիկ գնացել են, նաև կառավարությունում են փոփոխություններ եղել: Խորհրդի կազմի համալրումից հետո կհայտարարվի մրցույթ»:
Հարցին, թե դեռևս չի՞ համալրվել կառավարման խորհրդի կազմը, նա բացասական պատասխան տվեց. «Տարին նոր է սկսվել»:
Պատասխանելով հարցին, թե բացի խորհրդի կազմի համալրումից, արդյո՞ք այլ պատճառներ էլ կա, որ հետաձգվում է մրցույթի հայտարարումը, Գ. Գասպարյանն ասաց. «Չէ, չեմ կարծում: Հիմնականում դա: Պետք է մարդիկ ազատ լինեն, որ զբաղվեն նաև այդ հարցով»:
Հարակից հրապարակումներ`
- Մատենադարանի տնօրենի պաշտոնի համար մրցույթ դեռևս չի հայտարարվել
- Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը մահացել է