Տարոն Մարգարյան. «Սանիթեք»-ը թերացել է
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուժեղացված աշխատակարգով շարունակել ձնամաքրման աշխատանքները: Խորհրդակցության ժամանակ նա նշել է, որ մայրաքաղաքի կենտրոնական բոլոր փողոցները մաքրված են և երթևեկելի:
«Բայցև արձանագրում ենք, որ մասնավորապես երկրորդական շատ փողոցներում, մայթերին, գրեթե բոլոր բակերում և միջբակային տարածքներում դեռ ունենք անելիքներ: Տևական ցուրտ եղանակն էլ իր հերթին է նպաստել, որ ոչ պատշաճ իրականացված աշխատանքների արդյունքում մասնավորապես բակային տարածքներում գոյանան սառույցի շերտեր, որոնք մեծ անհարմարություններ են պատճառում մեր համաքաղաքացիներին: Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը մայրաքաղաքում սանմաքրման աշխատանքներն իրականացնող ընկերության թերի աշխատանքի արդյունք է», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հիշեցնենք, որ Երևանում սանմաքրման աշխատանքներ իրականացնում է «Սանիթեք» ընկերությունը:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, քաղաքապետը հանձնարարել է խստորեն վերահսկել նշված ուղղություններով իրականացվող աշխատանքների ողջ ընթացքը, այդ թվում նաև հետևելով, որ ընկերությունը բոլոր համատիրություններին ապահովի աղի և ավազի խառնուրդի անհրաժեշտ պաշարով:
«Պարզ է, որ եղանակային այս պայմաններում դեռևս հնարավոր չէ սառույցից ամբողջությամբ մաքրել նշված տարածքները, այդուամենայնիվ աղի և ավազի խառնուրդով դրանց պարբերաբար մշակման աշխատանքները պետք է իրականացվեն պարտադիր: Բացի այդ, ԱԻՆ-ի հետ համագործակցելով, զուգահեռաբար շարունակեք նաև բազմաբնակարան, ինչպես նաև հասարակական շենքերի ու շինությունների տանիքներին առաջացած սառցալեզվակների հեռացման աշխատանքները»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքապետարանն այդպես էլ փողոցների համատարած սառցակալումը չմաքրեց. «Առավոտ»
- Քաղաքապետարանի ռեժիսուրայով՝ «մԵզանսցենա»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին