Քրիշտիանու Ռոնալդուն՝ ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ
«Ռեալի» և Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ տիրացել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը՝ եզրափակիչ քվեարկության արդյունքներով շրջանցելով «Բարսելոնի» ու «Ատլետիկոյի» հարձակվողներ Լիոնել Մեսսիին ու Անտուան Գրիզմանին։ ՖԻՖԱ-ն արդեն 3-րդ անգամ է Ռոնալդուին ճանաչում լավագույնը։ Մինչ այդ նա պարգևն ստացել է 2013 և 2014 թթ.։
Հիշեցնենք, որ պորտուգալացին դեկտեմբերին արժանացել է նաև ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» մրցանակին։
Ռոնալդուն 2016 թ. մասնակցել է 54 խաղի, խփել 51 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։ Նա Պորտուգալիայի հավաքականի ավագն էր, երբ այդ թիմը նվաճեց Եվրոպայի 2016 թ. առաջնության չեմպիոնի կոչումը՝ իր պատմության ընթացքում առաջին անգամ տիրանալով խոշոր մրցանակի։ Այդ մրցաշարում նա խփել է 3 գոլ, իսկ եզրափակչի առաջին խաղակեսում վնասվածք է ստացել ու փոխարինվել։ Այս մասին տեղեկացնում է football.ua-ն։
Չեմպիոնների լիգայի 2015-2016 թթ. խաղարկության եզրափակչում Քրիշտիանուն իրացրել է վերջին 11 մետրանոց հարվածը։