«Արարատի» այս տարվա առաջին մարզմանը մասնակցել են պոտենցիալ նորեկներ
Ամանորյա տոների հետ կապված կարճատև դադարից հետո «Արարատ» ֆուտբոլային թիմը` Արկադի Անդրիասյանի գլխավորությամբ, վերսկսել է մարզումները Ձորաղբյուրի մարզաբազայում` նախապատրաստվելով մրցաշրջանի երկրորդ հատվածին:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, մարզումային առաջին իսկ օրը թիմը հավաքվել է ամբողջ կազմով: Մարզմանը մասնակցել են նաև մի քանի պոտենցիալ նորեկներ:
Սկզբում ֆուտբոլիստները նախավարժանք են կատարել մասնաշենքում, այնուհետև հերթը հասել է վազքային վարժություններին`ձնապատ մարզաբազայի շուրջ: Հագեցած մարզումային օրն «Արարատն» ավարտել է մարզասրահում:
Առաջիկայում թիմը նախատեսում է անցկացնել ստուգողական հանդիպումներ, որոնցից առաջինը, ամենայն հավանականությամբ, կկայանա հունվարի 27-ին` Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Մրցակիցը կլինի «Փյունիկը»: