Խոսնակը՝ Ծառուկյան-Զուրաբյան հանդիպման մասին
Առաջիկայում Ազգային ժողովի պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես կգա հայտարարությամբ և կներկայացնի ինչ ձևաչափով է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Գագիկ Ծառուկյանն ասել է, որ մասնակցություն ունենալու է ընտրական գործընթացներին, բայց թե ինչ ձևաչափով, ինքը կհայտարարի անձամբ: Դա այն հարցն է, որի մասին բացառապես Գագիկ Ծառուկյանն իրավունք ունի խոսելու: Ինքը առաջիկայում հանդես կգա համապատասխան հայտարարությամբ և կոնկրետ ժամկետներ չեմ կարող մատնանշել», -ասաց Իվետա Տոնոյանը:
Հետաքրքրվեցինք, թե արդյոք համապատասխանո՞ւմ են մամուլում հրապարակված տեղեկությունները, որ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանի հետ ու խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու հարցի շուրջ համաձայնության եկել: Ի պատասխան Իվետա Տոնոյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է տարբեր անձանց, գործիչների հետ և դրանք նրա մասնավոր հանդիպումներն են:
«Յուրաքանչյուր օր տարբեր ոլորտների՝ սպորտ, մշակույթ, հասարակական սեկտոր, ներկայացուցիչների հետ պարոն Ծառուկյանը բազմաթիվ հանդիպումներ ունենում է, բայց քանի որ դրանք այս պահի դրությամբ մասնավոր հանդիպումներ են, ես դրանց բովանդակային մասին չեմ տիրապետում և բնականաբար չեմ կարող ձեզ փոխանցել: Սակայն որևէ բան չեմ բացառում», -հավելեց Տոնոյանը:
Հարցին, թե հստակ չի՞ կարող ասել, թե որ ուժերի հետ է հանդիպումներ ունենում Ծառուկյանը, խոսնակը պատասխանեց. «Ոչ, չեմ կարող, դրանք մասնավոր հանդիպումներ են, ես դրանց մասին չունեմ տեղեկություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան