Քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակները կսկանավորվեն ու կհրապարակվեն
Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում ընդունվեց Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները սկանավորելու կարգը սահմանելու մասին որոշումը:
Նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է Ընտրական նոր օրենսգրքից բխող պահանջներով:
Այսպիսով, քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակները սկանավորելու են տեղամասային ընտրական հանձնաժողովներում և դրանից հետո հրապարակվելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում՝ ներբեռնելու հնարավորությամբ:
«Սա արվում է ընտրական գործընթացի նկատմամբ հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով», -հայտարարեց Մուկուչյանը:
Հիշեցնենք՝ քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը ընդդիմության հիմնական պահանջներից մեկն էր, որը երկարատև բանակցություններից հետո ընդունվել էր իշխանությունների կողմից: