Շնորհակալությունը լավատեսության նկատմամբ հակում է ձևավորում. հոգեբան
««Շնորհակալություն»-ը հոգեկան ներդաշնակություն ապահովող բառերից մեկն է, որը նաև ձևավորում է լավատեսության նկատմամբ հակում»,-այսօր՝ շնորհակալության միջազգային օրը Panorama.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Լիլիթ Խաչատրյանը:
«Եթե մարդը կյանքում կարողանում է տեսնել, գնահատել է լավը, նա դրա դիմաց միշտ ասում է՝ շնորհակալ եմ, տալիս է աշխարհին իր գոհությունակությունը: Վատատես մարդը շատ հազվադեպ է շնորհակալություն ասում»,-նշեց հոգեբանը:
Էթնոսի տեսանկյունից նայելով շնորհակալությանը՝ Լիլիթ Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ մեր ազգն այդքան էլ շատ չի ասում շնորհակալություն. «Տարիներ շարունակ մեզ հալածված էթնոս ենք համարել՝ ինչից էլ ելնելով մեզ մոտ ձևավոևվել է զոհի հոգեբանությունը: Իսկ շնորհակալությունը որպես ազգային մշակույթ այդքան էլ լավ ձևավորված չի եղել՝ ելնելով այն քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակներից, ինչի միջով որ անցել է հայ ազգը»:
Լավատես, հոգեպես առողջ ու աշխարհի հետ ներդաշնակ երեխա ձևավորելու համար հոգեբանը խորհուրդ է տալիս նրա մոտ վաղ մանկությունից ձևավորել շնորհակալ լինելու մշակույթը՝ «շնորհակալություն, որ իրեն այդքան շատ սիրողներ կան, շնորհակալություն, որ ունի այդպիսի ծնողներ, շնորհակալություն, որ իրեն առիթ ընձեռնվեց լինել այս կամ այն վայրում, շնորհակալություն հյուր գնալու և ընդունելու համար»:
Օրվա վերջում՝ ամենքս մեր ունեցածի համար ուղղակի պետք է ասենք շնորհակալություն: