Ռոբերտ Աղասարյանը պարտության մատնեց միանձնյա առաջատարին
Տեղի են ունեցել Անդրանիկ Մարգարյանի շախմատի հուշամրցաշարի 3-րդ տուրի պարտիաները: Մրցաշարին մասնակցող մեր 6 մասնակիցներից 5-ն այս տուրում հաղթանակներ են տոնել:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, առաջինն իր պարտիան ավարտել է Արամ Հակոբյանը, ով 21 քայլում կարողացել է հաղթել Չեխիայի ներկայացուցիչ Վոյտեխ Պլատին: Երրորդ տուրում մրցաշարի միանձնյա առաջատար, ռուս Դմիտրի Գորդիևսկին մրցում էր Ռոբերտ Աղասարյանի հետ: Սևերով խաղացող Աղասարյանը կարողացել է հաղթանակ տոնել և միավորներով հավասարվեց Գորդիևսկուն:
Արման Միքայելյանը առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցիչ Ստանիսլավ Բոգդանովիչի նկատմամբ, Հովիկ Հայրապետյանը հաղթել է Դավիթ Պառավյանին, իսկ Լևոն Բաբուջյանն ուժեղ է գտնվել Վահե Բաղդասարյանից:
3 տուրից հետո 4 շախմատիստ` Ռոբերտ Աղասարյանը, Լևոն Բաբուջյանը, Դմիտրի Գորդիևսկին և Արման Միքայելյանը, վաստակել են 2-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Արամ Հակոբյանն ու Հովիկ Հայրապետյանն իրենց ակտիվում գրանցել են 1.5-ական միավոր և կիսում 5-6-րդ հորիզոնականները, իսկ Վոյտեխ Պլատը, Ստանիսլավ Բոգդանովիչը, Վահե Բաղդասարյանն ու Դավիթ Պառավյանը վաստակել են 1-ական միավոր և եզրափակում են մրցաշարային աղյուսակը: