Զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» արգելակման համակարգը անսարք է եղել
ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քրեական գործերով վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է ՀՀ ՊՆ N զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով ժամկետային զինծառայող Վարդան Մաթևոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այդ մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք՝ 2016թ. ապրիլի 8-ին ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արմաշ գյուղ տանող ավտոճանապարհին դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից և շուրջ 200 մետր գլորվել ձորը:
Ավտոմեքենայում գտնվել էր 11 զինծառայող, որոնցից պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Լևիկի Մաթևոսյանը տեղում մահացել էր, 6-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն: Մյուս 4 զինծառայողներին հոսպիտալացնելու անհրաժեշտություն չէր եղել։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը՝ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Ըստ աղբյուրի, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեքենան ունեցել է արգելակման համակարգի անսարքություններ, ինչի մասին իրավասու անձինք նախապես տեղյակ են եղել։
Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի նյութաապահովման վաշտի պայմանագրային զինծառայող, վարորդ Ա. Ազիզյանի, ավտոծառայության պետ, մայոր Կ. Վահանյանի, տեխնիկական ստուգման հսկիչ տեխնիկական կետի պետ, ենթասպա Հ. Հովհաննիսյանի կողմից ավտոմեքենայի շահագործման կանոնները խախտելու հետևանքով «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան շահագործվել է՝ արգելակման համակարգի անսարք լինելով հանդերձ։
Բացի այդ, նույն զորամասի 3-րդ գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, մայոր Գ.Գևորգյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հետևանքով մարտական դիրքից գույքը և հերթապահություն իրականացնող անձնակազմը զորամաս են տեղափոխվել բեռնատար ավտոմեքենան համապատասխան նստարաններով չկահավորված և թափքը գույքով բեռնված։
Արդյունքում՝ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արմաշ գյուղ տանող ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շուրջ 200 մետր գլորվել ձորը, որի հետևանքով մեքենայում գտնվող շարքային Վարդան Լևիկի Մաթևոսյանը տեղում մահացել է, 6 զինծառայող, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Ա.Ազիզյանին, Կ.Վահանյանին, Հ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), Գ.Գևորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական դիրքը չարաշահելը, եթե դրանք էական վնաս են պատճառել):
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Հարակից հրապարակումներ`
- Վթարի է ենթարկվել զինծառայողներ տեղափոխող մեքենան, մահացել է ժամկետային զինծառայող
- ԱԻՆ. Բեռնատար ավտոմեքենան շրջվել է
- Քննչական կոմիտեն նոր տեղեկություններ է հրապարակել զինվորական «Ուրալ»-ի վթարի մասին
- Սարդարյան. Վթարի հետևանքով վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
- ՊՆ «Ուրալ» մակնիշի մեքենան` 20 զինծառայողներով շրջվել է
- ՊՆ. Զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան շրջվել է. նրանք տեղափոխվել են զինվորական հոսպիտալ
- Զինծառայողներ տեղափոխող «ԶԻԼ»-ը շրջվել է, կա 23 վիրավոր
- Զինծառայողներ տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել. 2 զոհ կա
- Վանաձոր-Ալավերդի ճանապարհին բեռնատար է շրջվել
- Բեռնատար է շրջվել
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան