Ջաննի Ինֆանտինո. «Դա զուտ ֆուտբոլային որոշում էր»
ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն շեշտել է, որ աշխարհի ֆուտբոլի առաջնության ձևաչափի փոփոխությունը մարզական պատճառներ ունի, այլ ոչ թե ֆինանսական։ Երեքշաբթի կազմակերպության գործկոմը որոշել է համաշխարհային ֆուտբոլային ստուգատեսի մասնակիցների քանակը 32-ից հասցնել 48-ի՝ սկսած 2026 թ.-ից։ Ավելի վաղ հաղորդվել է, որ դրա շնորհիվ ՖԻՖԱ-ն 500 մլն եվրո ավելի եկամուտ կստանա, քան 32 թիմով ձևաչափի դեպքում։
«Դա կապված չէ փողի հետ,- Ինֆանտինոյի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ընդհակառակը, դա զուտ ֆուտբոլային որոշում է։ Պատմական որոշում, որը նշանավորում է ֆուտբոլը 21-րդ դարում։ Կարծում եմ՝ խաղի իրական որակը կարող է աճել։ Շատ երկրներ նման մրցաշարի մասնակցելու հնարավորություն կունենան, ուստի էլիտար թիմերի դեմ պայքարում լիարժեք կնվիրվեն։
Ֆուտբոլը փոխվել է, դարձել ավելի գլոբալ։ Բոլորն ուրախ են եվրոպական ֆուտբոլի հաջողության համար, սակայն Եվրոպայի սահմաններից դուրս էլ այն պետք է զարգանա։ Ակումբները դժգոհում էին խաղացանկից ու ֆուտբոլիստների ծանրաբեռնվածությունից։ Մենք կատարեցինք նրանց պահանջները։ Այսինքն՝ կխաղանք 32 օր և առավելագույնը 7 հանդիպում կանցկացնենք»։