Տիգրան Համասյանը մեկ տասնյակից ավելի երկրներում համերգներ է ունենալու
Աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանն այս տարվա առաջին կեսին մեկ տասնյակից ավելի համերգներ է ունենալու աշխարհի տարբեր երկրներում:
Երգչի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ փետրվարի 25-ից մինչև մարտի 10-ը ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում ունենալու է ութ համերգ: Այնուհետև Համասյանը ելույթ է ունենալու Իտալիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Միացյալ Թագավորությունում, Իռլանդիայում, Նիդեռլանդերում, Ֆինլանդիայում, Գերմանիայում, Նորվեգիայում, Էստոնիայում, Ավստրալիայում:
Տիգրան Համասյանը «An Ancient Observer» կոչվող ալբոմի համերգային շրջագայության շրջանակներում մայիսի 7-ին ելույթ է ունենալու նաև Հայաստանում՝ Արամ Խաչատրյան համերգասրահում:
Ալբոմի շնորհանդեսը կայանալու է մարտի 31-ին ամբողջ աշխարհում:
Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում: Ավարտել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցը, այնուհետև, ընդունվել` Պ. Չայկովսկու անվան երաժշտական ուսումնարան:
2000 թվականին կայացած Երևանյան երկրորդ միջազգային ջազային փառատոնի շրջանակներում շնորհաշատ երաժիշտը ծանոթացել է Չիկ Կորեայի, Ավիշա Քոհենի և ֆրանսահայ ջազային դաշնակահար, փառատոների կազմակերպիչ Ստեփան Կոչոյանի հետ, ում հրավերով էլ մեկ տարի անց` մասնակցել է մի շարք հեղինակավոր փառատոների: Տիգրան Համասյանը բազմիցս արժանացել է հեղինակավոր մրցանակների. 2003 թ.` երրորդ մրցանակի Փարիզի ջազային դաշնակահարների միջազգային մրցույթում, առաջին մրցանակների` Jazz a Juan Revelations և Montreux Jazz Solo Piano Competition մրցույթներում: 2005 թ. Մոսկվայի դաշնակահարների ջազային միջազգային մրցույթում արժանացել է երրորդ տեղի, իսկ 2006 թ. առաջին մրցանակների Մոնակոյի ջազային դաշնակահարների և Թելոնիուս Մոնկի (Thelonious Monk) անվան մրցույթներում, որի ժյուրիի կազմում հանդես են եկել Հերբի Հենկոկը, Էնդրյու Հիլը, Դանիլո Պերեզը, Բիլի Թեյլորը և Ռենդի Վեստոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին