Դիտմար Համան. «Մխիթարյանը ձևավորել է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղաոճը»
Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Դիտմար Համանը կարծիք է հայտնել Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին` ընդգծելով նրա կարևորությունը մանկունյանցիների վերջին շրջանի հաջող խաղում: Այս մասին տեղեկացնում է «Metro»-ն:
«Հենրիխ Մխիթարյանն առանցքային նշանակություն ունի «Մանչեսթեր Յունայթեդի» կերպարանափոխության մեջ: Նոյեմբեր ամսից սկսած նրա` Պրեմիեր լիգայում ունեցած դերն անգնահատելի է: Մխիթարյանը գրավել է «Սանդերլենդի» դարպասը, հաղթական գոլ խփել «Տոտենհեմի» հետ խաղում, իսկ մանկունյանիցներն այդ ընթացքում 6 հաղթանակ են տոնել` 2 հանդիպում էլ ավարտելով ոչ-ոքի հաշվով:
Միկին հիանալի է համագործակցում Զլատան Իբրահիմովիչի հետ և սրություն է հաղորդել թիմի խաղին` ձևավորելով «Մանչեսթեր Յունայթեդի» խաղաոճը, որն այժմ բոլորովին այլ տեսք ունի: Անկասկած` մանկունյանցիներն ամենատաղանդավոր կազմն ունեն Պրեմիեր լիգայում: Դժվար թե «Լիվերպուլը» կարողանա դիմակայել նրանց»,- ասել է Համանը: