Մարեյ. «Արթանացա ու ինձ ասացին, որ ասպետի կոչում են տալիս»
Աշխարհի թիվ 1 ռակետ, բրիտանացի Էնդի Մարեյը, ով Անգլիայի թագուհի Ելիզավետա 2-րդի կողմից թենիսում ունեցած ավանդի համար արժանացել է ասպետի կոչման, մեկնաբանել է, թե ինչպես դա պատահեց: Տեղեկացնում է «The Times»-ը:
«Մայամիում էի: Կինս ինձ ուղարկել էր նամակ, որն իրեն էին ուղարկել: Առավոտյան արթնացա և ինձ ասացին, որ ասպետի կոչում են տալիս, համաձա՞յն եմ, թե՞ ոչ: Խորհրդակցեցի ինձ հարազատ մարդկանց հետ: Երկար մտածելու ժամանակ չունեի: Պարզ է, որ դա ինձ համար մեծ պատիվ էր, բայց, միևնույն ժամանակ, հասկանում էի, որ պատասխանատվությունը մեծ կլինի:
Ես դեռ երիտասարդ եմ, շարունակում եմ խաղալ և չեմ ցանկանում, որ ինչ-որ բան շեղի ինձ իմ աշխատանքից կամ անդրադառնա արդյունքներիս վրա: Ընդունեցի նվերը, բայց չցանկացա, որ այդ մասին շատերն իմանան: Արի ու տես, որ որոշ թենիսիստներ հարցնում են, թե հիմա ինչպե՞ս կոչեն ինձ: Անվանեք ինձ Էնդի»,- նշել է Մարեյը:
Հիշեցնենք, որ 2016 թ. Մարեյը դարձել է «Ուիմբլդոնի» մրցաշարի և Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, ինչպես նաև մարզական կարիերայի ընթացքում առաջին անգամ գլխավորել ATP-ի վարկանշային աղյուսակը: Էնդին 3-րդ անգամ հռչակվել է Մեծ Բրիտանիայի լավագույն մարզիկ: