Պայմանագի՞ր, թե տնտեսական անեքսիա
«Գազպրոմ»-ի հետ պայմանագրի ստորագրումը Վրաստանում իրական իրարանցում է առաջացրել: Շատերն անվանում են անշահավետ գործարք, հանցանք, դավաճանություն, պարտություն, տնտեսական անեքսիա: Իշխանություններից պահանջում են լսել ժողովրդի ձայնն ու «Ո´չ» ասել «Գազպրոմ»-ին: Ավելին, հունվարի 18-ին բողոքի ակցիա է տեղի ունենալու ընդդեմ «Գազպրոմ»-ի հետ գործարքի:
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, տնտեսագետ Գոցիրիձեի կարծիքով՝ Վրաստանի կառավարությունը հանցանք է գործել: Նա չի բացառել, որ ՌԴ-ի հետագա թիրախը կլինի Թբիլիսիի գազաբաշխման համակարգը, որը ներկա պահին ղազախական «КазТрансГаз»-ի սեփականությունն է, այնուհետև աբխազական երկաթուղին:
«Դանդաղ տնտեսական անեքսիա տեղի կունենա»,-նշել է Գոցիրիձեն:
Սոցիալական կայքերում հայտարարություններ են տարածվել հունվարի 18-ին Գազպրոմի հետ համագործակցության դեմ բողոքի ակցիա անցկացնելու վերաբերյալ։ Ընդդիմադիր կուսակցությունները կառավարությունից պահանջում են հրաժարվել անօգուտ առաջարկից և գումար չվերցնել գազի տարանցման դիմաց մինչ այժմ պահվող գազի փոխարեն։
«Ո´չ Գազպրոմին, կառավարությունը պետք է լսի մեր ձայնն ու հրաժարվի անշահավետ առաջարկից»,- հայտարարել են ակցիայի նախաձեռնողները: Ըստ վերջիններիս՝ դա վնասում է Վրաստանի անվտանգությանը:
Վրաստանի վարչապետի նախկին խորհրդական Գեորգի Խուխաշվիլին նույնպես այս գործարքը շահավետ չի համարում, քանի որ երկիրը անգամ եվրոպական ամենաբարձր ցուցանիշի դեպքում չի կարող այդ գումարով նույն քանակությամբ բնական գազ գնել, որը ստանում էր մինչ այդ: Ըստ վերջինիս «Գազպրոմ»-ը խորհրդավոր փաստարկներ է գտել, որպեսզի ստիպի վրացական կողմին հրաժարվել շատ հարմարավետ պրակտիկայից:
Վրացական ընդդիմության՝ «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները «Գազպրոմ»-ի հետ պայմանագիրը որակել են որպես «դավաճանական ու պարտվողական»։ ՄԱՇ-ի պատգամավոր Սերգի Կապանաձեն հայտարարել է, որ այդ պայմանագիրը Վրաստանի համար նշանակում է Ռուսաստանի հետ հարաբերություններում գոյություն ունեցող լծակի կորուստ:
Վրաստանի կառավարությունը նախօրեին հայտարարել էր, որ «Գազպրոմ-էքսպորտ» ընկերության հետ բանակցային երեք փուլերից հետո վրացական կողմը համաձայնել է ստորագրել համաձայնագիր, որով Վրաստանի տարածքով Հայաստան ռուսական գազի տարանցման արժեքը վճարվելու է ոչ թե գազով, ինչպես մինչ այս էր, այլ՝ գումարով։
Համաձայնագրի պայմաններով Վրաստանն իրավասու է գազի հավելյալ ծավալների կարիքի դեպքում «Գազպրոմ»-ից այն գնել շուկայականից ցածր գնով։ Այսուհետ Վրաստանը Ռուսաստանին կվճարի ոչ թե 215, այլ 185 ԱՄՆ դոլար:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան գազ մատակարարելու վերաբերյալ Վրաստանի կառավարությունը համաձայնության է եկել «Գազպրոմ»-ի հետ