Ծանր բեռ է, բայց հաճույքով կանեմ. Վիրաբույժը՝ քաղաքականություն մուտք գործելու մասին
Հ. Յ. Դաշնակցություն կուսակցության Կոտայքի և Արագածոտնի մարզերի տարածքային կառույցները որոշել են հայտնի վիրաբույժ, արցախյան ազատամարտի մասնակից Տարոն Տոնոյանի թեկնածությունը առաջադրել խորհրդարանական ընտրություններում:
«Դաշնակցություն կուսակցության Գերագույն մարմինը որոշեց, որ պետք է մասնակցեմ, այո, կմասնակցեմ», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վիրաբույժը, որը նաև «Երևան» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկն ու համասեփականատերն է:
Նա նկատեց, որ կան շատ բժիշկներ, ովքեր պատգամավորական աշխատանքին զուգահեռ նաև իրենց մասնագիտական աշխատանքն են արել:
«Ճիշտ է՝ ես դա չեմ ողջունում, քանի որ վիրաբուժությունը ամբողջական ժամանակ է պահանջում, բայց միևնույն ժամանակ կարծում եմ, պատգամավոր լինելն է շատ պատասխանատու բան է: Ժամանակը ցույց կտա՝ ինչ պետք է անել», -նկատեց վիրաբույժը:
Տոնոյանի խոսքով, այն պարագայում, երբ «Երևան» բժշկական կենտրոնի հետ կապված չարչրկված հարցը դեռ լուծում չի ստացել, քաղաքականություն մուտքը իր համար ծանր բեռ կլինի:
«Բայց ես դա հաճույքով կանեմ և պատասխանատվությամբ, որովհետև դա իմ հարազատ կուսակցության հանձնարարությունն է», -հավելեց պարոն Տոնոյանը:
Վիրաբույժը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ մեծ հույսեր է կապում. «Այս ընտրությունները ոչ թե մեկ, այլ մի քանի քայլ առաջ են: Ես հույս ունեմ, որ այս ընտրությունները պետք է բավական մեծ հույս առաջացնեն մեր բնակչության շրջանում, որ մենք վաղվա օր ունենք»:
Ինչ վերաբերում է «Երևան» բժշկական կենտրոնի խնդրին, նա ասաց, որ այդ հարցը դեռ լուծում չի ստացել:
Նշենք, որ հիվանդանոցի սեփականատերերի միջև տարաձայնությունների հետևանքով այժմ կենտրոնը գրեթե չի աշխատում, և 175 աշխատակիցներ հայտնվել են անորոշ վիճակում:
Հիվանդանոցի սեփականատերերից մեկը «Երևան» բժշկական կենտրոնի ընդհանուր և էնդոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, վիրաբույժ Հայկ Բալայանն է՝ հրապարակախոս Զորի Բալայանի որդին, իսկ մյուսը՝ ԲԿ-ի գլխավոր վիրաբույժ Տարոն Տոնոյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է քաղաքականություն, մասնավորապես Ազգային ժողով մուտքը ի վերջո լուծում տա հիվանդանոցի խնդրին, Տոնոյանն ի պատասխան նկատեց, որ այդ կարծիքին չէ և դեմ է նման սկզբունքով հարցեր լուծելուն: «Առաջընթացի համար հարկավոր է բացառել նման գործելաոճը», -նկատեց Տոնոյանը:
Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ պարագայում կարող է լուծվել հիվանդանոցի հարցը, Տոնոյանը պատասխանեց.
«Երբ մյուս կողմը (նկատի ունի Բալայանին-հեղ.) կգա ռեալ կառուցողական դաշտ, դուրս կգա ամբիցիաներից: Պետք է սթափ նայել այդ հարցին ու բազմաթիվ իմ առաջարկներից ոչ մեկը չընդունել և առաջ մղել իր կողմից արվող մեկ առաջարկ: Ես անընդհատ այդ մասին խոսել եմ, հիմա էլ ասում եմ՝ դա սեփականատերերի միջև գոյություն ունեցող իրավիճակ է, բայց արդյունքում տուժում են 175 աշխատողներ և միևնույն ժամանակ, այն խավը, ովքեր օգտվում էին բուժկենտրոնի ծառայություններից, ֆինանսական սուղ միջոցների տեր էին»:
Հարակից հրապարակումներ`
- Արտավազդ Սահակյանը մատնանշել է այն խնդիրները, որոնց պատճառով առաջադրվելու վերջնական որոշում դեռ չի կայացրել
- Իմ միակ խնդիրը այն է, որ հիվանդանոցը նորից սկսի աշխատել. Տարոն Տոնոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան