Էդվարդ Կպոդո. շոգ Աֆրիկայից ցրտաշունչ Երևան
«Գանձասար-Կապան» ֆուտբոլային թիմը շարունակում է լրջորեն նախապատրաստվել նոր մրցաշրջանին։ Ընդամենը 3 օր է թիմը սկսել է մարզումները, բայց առաջընթացն արդեն նկատելի է։ Լեգեոներներից թիմին է միացել Էդվարդ Կպոդոն, մյուսները Հայաստանում կլինեն առաջիկա օրերին։
29 աստիճան տաքություն ունեցող Էդվարդ Կպոդոն Գանայից ժամանել է ցրտաշունչ Երևան։ Ակումբի լրատվության բաժինը զրուցել է նրա հետ: Գանացի կիսապաշտպանը խոսել է անցկացրած արձակուրդների, եղանակային փոփոխությունների, ինչպես նաև առաջնության երկրորդ շրջանում թիմի անելիքների մասին։
«Արձակուրդս շատ լավ անցկացրեցի։ Ընտանիքիս հետ էի, զվարճանում էի նրանց հետ, խաղում էի երեխաներիս հետ։ Ամեն նոր տարի մուտք ես գործում նոր շարժառիթով, ցանկությամբ, մտածելով թե ինչպես շարունակես կյանքդ։
2017 թ. իմ առաջին մարզումն անցկացրի թիմի հետ։ Ես Աֆրիկայում էի։ Գիտեք, որ այնտեղ շատ շոգ է, իսկ եղանակն այստեղ տարբեր է, բայց դա ինձ համար նորմալ է։ Ես չեմ մտածում եղանակի մասին։ Ինձ համար սա նորմալ է, որովհետև հանդես եմ եկել ավելի ցուրտ տեղերում՝ Ռուսաստանում։
Առաջնության երկրորդ շրջանի մեկնարկը շատ դժվար է լինելու, որովհետև չորս ուժեղ ակումբներ են պայքարում մրցանակային տեղերի համար։ Ամենքն էլ ուզում են զբաղեցնել առաջին հորիզոնականը։ Կարծում եմ, որ եթե լավ նախապատրաստվենք, ապա կարող ենք չեմպիոն դառնալ»,- նշել է Կպոդոն: