Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ցուցահանդեսը՝ Թբիլիսիի ազգային պատկերասրահում
Վրաստանի ազգային թանգարանի Դմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահի չորս դահլիճում հունվարի 10-ից ներկայացվում է տաղանդավոր գեղանկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի 96 կտավ: Դա նկարչի աշխատանքների առաջին ցուցադրությունն էր Թբիլիսիում:
Վիրահայոց թեմի հաղորդմամբ, ցուցահանդեսը, որը կազմակերպել էր Վրաստանի ազգային պատկերասրահը Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ, շնորհալի նկարչուհի Իռեն Օհանջանովայի նախագծով և համակարգմամբ, նվիրված էր Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ծննդյան 125-ամյակին և մահվան 50-րդ տարելիցին:
Հանդիսատեսով լեփ-լեցուն էին դահլիճները: Թբիլիսիի արվեստասեր հասարակայնությունը եկել էր դիտելու 20-րդ դարի վրացական կերպարվեստի ծագումով հայ հանճարեղ ներկայացուցչի անկրկնելի կտավները, որոնք փայլուն կերպով ուղենշում էին Թբիլիսիի բնիկ քաղաքացու ստեղծագործական ուղին, նրա արվեստը լուրջ հիմք է հանդիսացել նոր և նորագույն գեղանկարչության զարգացման համար:
Սույն ցուցահանդեսը սահմանափակվել է դասական գեղանկարչի միայն Վրաստանում պահպանվող աշխատանքներով: Ցուցահանդեսին ներկայացվել էին Վրաստանի ազգային թանգարանի (Շալվա Ամիրանաշվիլիի անվան արվեստի թանգարանի և Դմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահի), Գիորգի Լեոնիձեի անվան վրաց գրականության թանգարանի հիմնադրամներում պահվող և մասնավոր հավաքորդների կտավները:
Ցուցահանդեսին ներկա են եղել Վիրահայոց թեմի հոգևոր դասը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները, տարբեր ազգի մտավորականներ, արվեստի գործիչներ և երկրպագուներ: Այն բացել է Վրաստանի ազգային թանգարանի գլխավոր տնօրեն Դավիթ Լորթքիփանիձեն: Կարևորելով հայ-վրացական մշակույթի զարգացումը, փոխադարձ կապն ու ներդաշնակումը, գլխավոր տնօրենը արժևորել է Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի արվեստը, այն, որ նա եղել է վրաց նկարիչներ Լադո Գուդիավիլու, Ավթանդիլ Վարազի, Մոսե Թոիձեի, Իլիա և Կիրիլ Զանեվիչների ժամանակակիցը և գործընկերը, ովքեր իրենց անկրկնելի գործերով վրացական արվեստը դուրս են բերել համազգային ասպարեզ:
Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը իր օրհնության խոսքում կարևորել է գույների անկրկնելիությունը և տրամադրությունների վերարտադրման վարպետությունը, և երկու քրիստոնյա ազգերի մշակույթների ձուլվածությունը, ներդաշնակումը, որպես մեկ համընդհանուր արվեստ ներկայանալը, որի վկայությունը այս ցուցահանդեսն էր:
Նախագծի հեղինակ, համակարգող և դիտորդ, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Իռեն Օհանջանովան շնորհակալություն է հայտնել Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությանը, ՀՀ մշակույթի նախարարությանը, Վրաստանի ազգային թանգարանին և Վիրահայոց թեմին, նախագծի իրականացմանը ցուցաբերած աջակցության համար: Նախագծի ղեկավարը երախտագիտության խոսքեր է ուղղել նախագծի դիտորդ Ժաննա Սարուխանովային և արվեստագետ Դավիթ Անդրիաձեին՝օժանդակության համար: