Ունենալ նվազագույն գնով էլեկտրաէներգիայի արտադրություն՝ հանձնարարական
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը էներգետիկ համակարգի զարգացման վերաբերյալ հանձնարարականներ տվեց:
Մասնավորապես, վարչապետը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման և բնական պաշարների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին հանձնարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համագործակցելով, ուսումնասիրել և եռամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել «ՀՀ էներգետիկ համակարգի մինչև 2036 թվականի զարգացման ուղիները» ծրագրում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու առաջարկություն՝ նպատակ դնելով նվազագույն գնով էլեկտրաէներգիայի արտադրություն ունենալ:
«Ելնելով դրանից՝ կարևորենք տարածաշրջանային երկրների հետ բանակցությունների ակտիվացումը և ներքին հնարավորությունների օգտագործումը և դրա արդյունքում տարածաշրջանի էներգետիկ և էլեկտրաէներգայի առևտրի հնարավորությունների ընդլայնումը»,- նշեց Կարեն Կարապետյանը:
Երկրորդ՝ պետք է հաշվի առնել ՀՀ տնտեսության զարգացման միտումները, համաշխարհային շուկայում վառելիքի գների փոփոխության տենդենցները, դեպի Իրան և Վրաստան էլեկտրահաղորդման նոր հզորությունների կառուցման ուղղությամբ էլեկտրաէներգետիկ համակարգում իրականացվող լայնածավալ ներդրումները, ինչպես նաև հաշվի առնելով վերականգնվող էներգետիկայի զարգացման և դրանից բխող հանրապետության էներգետիկ անկախության ամրապնդման, էներգետիկ անվտանգության, համակարգի հուսալիության աստիճանի բարձրացման անհրաժեշտությունը:
«Խոսքը գնում է այն մասին, որ մենք պետք է ունենանք հստակ ծրագիր՝ հասկանալու, թե ինչ հզորությունների կարիք ենք ունենալու, ինչ հնարավորություններ ենք ունենալու արտահանելու և այդ առումով պետք է ունենանք հստակ ծրագիր, թե ինչպես ենք գնալու առաջ»,- ասաց Կարեն Կարապետյանը: