Գործադիրի այս տարվա առաջին նիստը սկսվեց հանձնարարականներով
ՀՀ կառավարության այս տարվա առաջին նիստը սկսվեց հանձնարարականներով: Մասնավորապես, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների, պաշտպանության, գյուղատնտեսության և առողջապահության նախարարներին համատեղ ուսումնասիրել և 20-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել ներմուծումը տեղական արտադրության փոխարինելու վերաբերյալ` ըստ առանձին ապրանքների:
Նրա խոսքերով՝ պետք է դիտարկել փոխարինման մեխանիզմները, տարբեր հնարավորությունները, այդ թվում՝ համարժեք փոխարինող ապրանքները, որոնց արտադրության կազմակերպումը տեղում կարող է լինել շահավետ և մրցունակ ներմուծողների նկատմամբ:
«Շուկայական մեխանիզմներով հնարավոր դարձնել և ապահովել այդ ապրանքների նկատմամբ պահանջարկը՝ տեղում արտադրության տեսանկյունից ոչ շահավետ և ներմուծվող ապրանքների պահանջարկի կրճատման հաշվին»,- ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանը նշեց նաև, որ ապրանքները, որոնց արտադրությունը տեղում կազմակերպելը շահավետ է և դրանք մրցունակ են շուկայում, սակայն գոյություն ունեցող նման արտադրությունների կարողությունները սահմանափակ են կամ տեղում նման արտադրություն չի կազմակերպվում, այդ ապրանքների արտադրության կազմակերպման կամ արտադրական հզորությունների ավելացման համար կատարվելիք ներդրումները կարելի է հետգրել միջին ժամկետում: