«Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցերից մեկի պայմանները անմխիթար էին. Դիտորդներ
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ այցելության ժամանակ, ի թիվս այլ խցերի, ուսումնասիրել են ՔԿՀ-ի ստորին հարկում գտնվող խցերից մեկի պայմանները։
Դիտորդների խումբը տարածած հայտարարությամբ, տեղեկացրել է, որ թիվ N խցում արձանագրել են սանիտարահիգիենիկ պայմանների անմխիթար վիճակ, մասնավորապես՝ անզեն աչքով նկատելի էին բազմաթիվ խավարասերներ, որոնք մեծաքանակ խմբերով գտնվում էին և՛ առաստաղի, և՛ պատերի, և՛ սնունդ (հաց) պարունակող տուփերում:
Բացի միջատներից, առկա էին նաև այլ խնդիրներ՝ խցի օդի խոնավությունը ակնհայտորեն բարձր էր, օդափոխություն չէր կատարվում, քանի որ պատուհանը բացելիս դրսից ջուր էր լցվում խցի` գետնից ցածր մակարդակի վրա լինելու պատճառով: Խցի պատերի վրա խոնավությունից գոյացել էր բորբոս։ Անկողնու պարագաները նույնպես խոնավ էին։
Պատուհանի դիրքով և խցի կիսանկուղային լինելու արդյուքնում բավարար չէր նաև խցի լուսավորությունը։ Բացի այդ, խցի անմիջապես հարևանությամբ արձանագրվել է կեղտաջրերի արտահոսք, որի արդյունքում ՔԿՀ ստորին հատվածում մշտապես առկա կեղտաջրերի հոտը դարձել էր չափազանց ուժեղ։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ, խցի պայմանները չափազանց անմխիթար էին, ըստ դիտորդների՝ նման պայմաններում ազատությունից զրկված անձանց պահելը, համակեցության մեջ գնահատելով, հավասարազոր է անմարդկային վերաբերմունքի։
Նշվում է նաև, որ դիտորդների խումբը 2016 թվականի դեկտեմբերի 16-ին հրատապ հաշվետվություն է ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն առաջարկելով հրատապ քայլեր ձեռնարկել թիվ 3 խցում անմարդկային պայմաններում գտնվող անձանց պահման պայմանները բարելավելու ուղղությամբ՝ կա՛մ անհապաղ տեղափոխելով այդ անձանց այլ ՔԿՀ-ներ, կամ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այլ խուց։
Բացի այդ, հաշվի առնելով խցի ընդհանուր վիճակը, առաջարկվել է այդ խուցն այլևս չբնակեցնել:
«2017 թվականի հունվարի 12-ի դրությամբ դիտորդների Խումբը դեռևս չի ստացել ՀՀ արդարադատության նախարարության պատասխանը բարձրաձայնված խնդրի վերաբերյալ, մինչդեռ հրատապ հաշվետվության կապակցությամբ մեկնաբանությունները տրվում են երեք օրվա ընթացքում», -ասված է հայտարարության մեջ::