Իբրահիմովիչ. «Երեք ամսում գրավել եմ Անգլիան»
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայում իր հարմարվելու գործընթացի և մանկունյանցիների ցուցանիշների մասին: Տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Չեմ վազում Կոստայի ցուցանիշների հետևից: Իմ նպատակը տիտղոս նվաճելն է Պրեմիեր լիգայում, իսկ գոլերը հաճելի պարգևավճար են յուրաքանչյուր խաղացողի համար` գլխավորին հասնելու ճանապարհին: Ես փորձում եմ անել այն, ինչն ինձ մոտ լավ է ստացվում` գոլեր խփել:
Ձգտում եմ օգնել թիմին և պահեր ստեղծել թիմակիցներիս համար: Ճիշտ այդպես նրանք էլ ինձ են փորձում օգնել: Անձնական նպատակներ չունեմ, արդեն հասել եմ նրան, որ երեք ամսում գրավել եմ Անգլիան:
Ունեցել ենք ձախողումներ, թռիչքներ, անկումներ, եղել են հաղթանակներ և պարտություններ: Վերջին շրջանում մենք հաղթում ենք, քիչ թե շատ խաղը կայունացել է: Մարզիչը հիմք է դրել, իսկ դա հեշտ չէ, երբ նոր մարզիչ ես, նոր թիմում, ուզում ես քո փիլիսոփայությամբ առաջնորդվես, թելադրես քո խաղը:
Հենց սկզբից էլ ասել եմ, որ քայլ առ քայլ կավելացնենք ճնշումը: Հիմա կարող եք տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» ինքնությունը, թեև, ըստ իս, սա դեռ վերջը չէ, մենք կարող ենք ավելի լավ հանդես գալ: Այդպես էլ կլինի, քանի որ թիմն ամեն ինչ անում է դրա համար»,- նշել է Իբրահիմովիչը: