Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը վերակառուցվելու է
Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը տարիներ շարունակ լուրջ խնդիրների առաջ էր կանգնած՝ չունենալով շենքային նորմալ պայմաններ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանը նշել է, որ շենքը տիպային չէ և վթարային է, և դրանք լուրջ խոչընդոտներ են իրենց համար:
«Նախատեսվում է թանգարանը վերակառուցել, դրա համար առաջիկայում ժամանակավորապես կտեղափոխվենք այլ տեղ»,- նշել է Մ. Բալայանը և ավելացրել, որ իրենց համար Արցախի պատմությունը և մշակույթը ներկայացնելը մեծ պատասխանատվություն է, որոնք էլ իրենք ձգտում են անել ըստ հավուր պատշաճի:
Տնօրենի խոսքով՝ թանգարանային համակարգը մեծ զարգացում է ապրում ողջ աշխարհում և նպաստում է զբոսաշրջության զարգացմանը:
«Զբոսաշրջության հիմնաքարային օղակները թանգարաններն են: Մենք ևս պետք է այս ուղղությամբ աշխատանքներ իրականացնենք: Այսօր մենք, մեր պատմությունը թանգարանի միջոցով ներկայացնելով, կարողանում ենք իրականացնել և´ քաղաքական, և´ քարոզչական խնդիրներ: Միաժամանակ մենք պետք է մեր նպաստը բերենք մեր տնտեսության զարգացման գործում,- ասել է Մ. Բալայանը՝ հավելելով, որ 2016 թվականին թանգարանն ունեցել է շուրջ 14 հազար այցելու, այդ թվում՝ 2756-ը արտերկրից: Այցելուների թվում եղել են լրագրողներ Լեհաստանից, Ռումինիայից, ովքեր նաև հաղորդումներ են պատրաստել Արցախի մասին:
Թանգարանի տնօրենի խոսքով՝ եթե այցելուների մեծ մասը նախկինում ԱՄՆ-ից էին, ապա անցած տարի՝ եվրոպական տարբեր երկրներից՝ Հոլանդիայից, Գերմանիայից և այլն: Մեծ թիվ են կազմել նաև Ռուսաստանի Դաշնությունից ժամանած ռուսները:
«Ադրբեջանն այսօր աշխարհը հեղեղում է նյութերով, ուր կեղծվում է Արցախի պատմությունը: Այստեղ զբոսաշրջիկները համոզվում են, որ Արցախը քրիստոնեական քաղաքակրթություն ունեցող հին երկրամաս է, և բնականաբար չի կարող Ադրբեջանի մաս լինել: Արցախն ու արցախցուն ճանաչելու գործում մեծ ու կարևոր ներդրում ունի նաև մեր թանգարանը և այնտեղ պահվող փաստացի նյութերը»,- մասնավորապես ասել է Մ. Բալայանը։
Նա նշել է, որ զարգացած երկրների թանգարանների այցելուները հիմնականում զբոսաշրջիկներն են, տեղացիներն այնքան էլ հակված չեն լինում այցելել թանգարաններ:
«Վերջերս միտում ենք նկատում տեղացիների հետաքրքրությունը թանգարանի նկատմամբ: Մեզ հետ ավելի սերտ կապի մեջ են դպրոցականներն ու նորակոչիկները: Շրջանից ևս շատ այցելուներ ունենք»,-ասել է Մ. Բալայանը:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտի պատկերասրահը տարեկան ունենում է շուրջ 2000 այցելու
- Նիկոլ Դումանի տուն-թանգարանը նպաստել է Արցախի զբոսաշրջային ներուժի զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը. տնօրեն