Սեմինար-հանդիպում` ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների հետ
Հունվարի 13-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի է ունեցել ՀՖՖ արտոնագրման բաժնի կողմից կազմակերպված սեմինար-հանդիպում` ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների արտոնագրման պատասխանատուների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Այն արտոնագրերը, որոնք կտրվեն ակումբներին մրցաշրջանի ընթացքում, հիմք են հանդիսանալու և իրավունք են ընձեռելու նրանց մասնակցել ՀՀ Բարձրագույն խմբի 2017/2018 թթ. առաջնությանը և ՈՒԵՖԱ-ի ակումբային պաշտոնական մրցաշարերին նույն մրցաշրջանի ընթացքում:
ՀՖՖ Արտոնագրման բաժնի նախաձեռնությամբ 2017/2018 թթ. արտոնագրման մրցաշրջանին փորձնական կարգով մասնակցում է նաև Հայաստանի առաջնության առաջին խմբում հանդեղ եկող «Էրեբունի» ակումբը: Այս մասնակցությունը թույլ կտա ակումբին ձեռք բերել համապատասխան փորձ և ապագայում՝ Բարձրագույն խմբում հանդես գալու իրավունք նվաճելու դեպքում, համապատասխանել ՀՖՖ Արտոնագրման բաժնի կողմից պահանջվող չափորոշիչներին:
Սեմինար-հանդիպման ընթացքում ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների արտոնագրման հարցերով պատասխանատուներին են ներկայացվել բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել նախորդ մրցաշրջանի համեմատ՝ կապված արտոնագրման չափանիշների հետ:
Հանդիպման ժամանակ ակումբների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել ծանոթանալ այն պահանջներին, որոնք նրանք պետք է ներկայացնեն մինչև փետրվար՝ արտոնագրային ոչ ֆինանսական փաստաթղթերի հետ կապված: Այդ փաթեթի հիման վրա նրանք կստանան արտոնագրեր մարտ ամսին և հնարավորություն՝ մասնակցելու օգոստոսին մեկնարկող ՀՀ Բարձրագույն խմբի նոր մրցաշրջանին: