Վասպուրակ Մինասյան. «Պետք է շտկենք բացթողումները և կայուն խաղ ցուցադրենք»
«Գանձասար-Կապանն» արդեն 4 օր է, ինչ սկսել է նախապատրաստությունը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ շրջանին։ Թիմը մարզվում է նախկին «Միկա» մարզահամալիրում ։ Նախապատրաստության, տիրող մթնոլորտի, մարզումների ընթացքի մասին ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է թիմի երիտասարդ պաշտպան Վասպուրակ Մինասյանի հետ։
«Տոներից հետո բավականին բարձր տրամադրությամբ ենք վերսկսել մարզումները։ Աստիճանաբար մարզավիճակ ենք ձեռք բերում։ Դեռ ամբողջ ծանրաբեռնվածությամբ չենք մարզվում։ Կարելի է ասել, որ այժմ պատրաստվում ենք նախապատրաստական փուլի մարզումներին։
Առաջնության առաջին հատվածի վերջնամասում գտել էինք մեր խաղը։ Հիմա պետք է շտկենք բացթողումները և կարողանանք կայուն խաղ ցուցադրել։ Պետք է ձգտենք ամեն խաղում հաղթանակի հասնել ու պայքարել չեմպիոնության համար։ Առաջնության երկրորդ շրջանն ավելի հետաքրքիր և ավելի դժվար է լինելու»,- նշել է Մինասյանը։