Հովիկ Հայրապետյանը` Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի միանձնյա առաջատար
Կայացել են Անդրանիկ Մարգարյանի շախմատի հուշամրցաշարի 5-րդ տուրի պարտիաները: Շրջանային մրցաշարում երրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Հովիկ Հայրապետյանը: Այս հաղթանակի շնորհիվ նա այժմ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, 5-րդ տուրում հաղթանակներ են տոնել նաև Արման Միքայելյանն ու Ստանիսլավ Բոգդանովիչը. նրանք համապատասխանաբար առավելության են հասել Վահե Բաղդասարյանի ու Դմիտրի Գորդիևսկու նկատմամբ: Արամ Հակոբյան- Դավիթ Պառավյան և Ռոբերտ Աղասարյան-Վոյտեխ Պլատ պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
5-րդ տուրից հետո Հովիկ Հայրապետյանը վաստակել է 3.5 միավոր և առաջատարն է: Արման Միքայելյանը, Ստանիսլավ Բոգդանովիչն ու Ռոբերտ Աղասարյանը վաստակել են 3-ական միավոր և առաջատարից հետ են մնում կես միավորով:
Հուշամրցաշարի շրջանակներում անցկացվող շվեյցարական մրցաշարերում նույնպես տեղի են ունեցել 5-րդ տուրի պարտիաները: Մինչև 18 տարեկանների մրցաշարում հանդես եկող Արթուր Դավթյանը 5 հնարավորից վաստակել է 5 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ 6 շախմատիստ առաջատարից հետ են մնում մեկ միավորով:
Մինչև 14 տարեկանների մրցաշարում 4 շախմատիստ վաստակել են 4.5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Մինչև 12 տարեկանների մրցաշարում Սևակ Մանուկյանը 5 հնարավորից վաստակել է նույնքան միավոր և միանձնյա գլխավորում է աղյուսակը: 5 շախմատիստ առաջատարից հետ են մնում կես միավորով:
Մինչև 10 տարեկանների մրցաշարում Ռուդոլֆ Փաշիկյանը, Երվանդ Օհանյանն ու Ժորես Միտոյանը վաստակել են 5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարում Սաթենիկ Պողոսյանը վաստակել է 5 միավոր և գլխավորում է աղյուսակը: