Վրացի նախարար. Վրաստանը պարտավորված չէ Ռուսաստանից գազ գնել
Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարման պայմանների վերաբերյալ Վրաստանի կառավարության ու «Գազպրոմ» ընկերության միջև կնքված փաստաթուղթը դժգոհություններ է առաջացրել հարևան երկրի քաղաքացիների շրջանում:
Վրաստանի էկոնոմիկայի ու զարգացման նախարար Գեորգի Գախարիան ստիպված է եղել նոր հայտարարությամբ հանդես գալ՝ հստակեցնելով նոր կնքված փաստաթղթի պայմանները:
Նախարարը հայտարարել է, որ Վրաստանը պարտավորված չէ Ռուսաստանից գազ գնել:
«Վրաստանի տարածքով Հայաստան ռուսական գազի մատակարարման դիմաց Վրաստանին պետք է վճարեն ոչ թե գազով, ինչպես եղել է նախկինում, այլ գումարով: Բացի այդ, նոր պայմանագրով, Վրաստանն էլ կարող է ռուսական գազ գնել ցածր գնով՝ 1000 խմ-ի համար վճարելով 185 դոլար, նախկին 215-ի փոխարեն: Այդ գինը գործնականում հավասար է Վրաստանի գլխավոր մատակարար հանդիսացող Ադրբեջանի առաջարկած գնին»,-ասել է Գեորգի Գախարիան:
Նա մի քանի անգամ կրկնել է, որ Վրաստանը որևէ պարտավորվածություն չի ստանձնել ռուսական գազ գնելու վերաբերյալ, խոսքը վերաբերում է գազ գնելու հնարավորությանը:
«Եթե մեր ռազամավարական գործընկերը մեզ բավարար ծավալով գազ մատակարարի, նման անհրաժեշտություն չի առաջանա, մենք էլ չենք գնի այդ գազը, և այս թեման փակված է»,-ասել է նա:
Վրացական աղբյուրը հիշեցնում է, որ Վրաստանը Ռուսաստանից գազ չի գնում 2007 թվականից: Ադրբեջանից Վրաստան մատակարարվող գազը կազմում է անհրաժեշտ ծավալի 90 տոկոսը:
Հիշեցնենք, որ «Գազպրոմ»-ի հետ պայմանագրի ստորագրումը Վրաստանում իրական իրարանցում է առաջացրել: Շատերն անվանում են անշահավետ գործարք, հանցանք, դավաճանություն, պարտություն, տնտեսական անեքսիա: Իշխանություններից պահանջում են լսել ժողովրդի ձայնն ու «Ո´չ» ասել «Գազպրոմ»-ին: Ավելին, հունվարի 18-ին բողոքի ակցիա է տեղի ունենալու ընդդեմ «Գազպրոմ»-ի հետ գործարքի:
Հարակից հրապարակումներ`
- Պայմանագի՞ր, թե տնտեսական անեքսիա
- Հայաստան գազ մատակարարելու վերաբերյալ Վրաստանի կառավարությունը համաձայնության է եկել «Գազպրոմ»-ի հետ