Պայեն հրաժարվել է մարզվել «Վեստ Հեմում»
«Վեստ Հեմի» ֆրանսիացի կիսապաշտպան Դիմիտրի Պայեն վճռական է տրամադրված՝ հեռանալու լոնդոնյան ակումբից այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ավելի վաղ հաղորդվել է, որ թիմի գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը նշել է, թե Պայեն չի ցանկանում խաղալ «Վեստ Հեմում»։ Խորվաթ մասնագետը հայտարարել է, որ իրեն դավաճանված ու հիասթափված է զգում։
Հիշեցնենք, որ միայն անցած տարվա փետրվարին է Պայեն «Վեստ Հեմի» հետ պայմանագիրը երկարաձգել մինչև 2021 թ.։ Այդ համաձայնագրով 29-ամյա ֆուտբոլիստը շաբաթական 125 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձ է ստանում, ինչը նրան դարձնում է ակումբի պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։
Ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, Պայեի ու Բիլիչի միջև սկանդալ է գրանցվել։ Կիսապաշտպանը հայտարարել է, որ այլևս չի պատրաստվում մարզվել «Վեստ Հեմում» և պահանջել անմիջապես տրանսֆերի հանել իրեն։ Բիլիչը չի կարողացել հանգստացնել ֆրանսիացուն, իսկ Պայեն ճնշված տրամադրությամբ ցատկել է իր մեքենան ու սլացել անհայտ ուղղությամբ։