Սերխիո Ռամոս. «Սևիլիան» միշտ կլինի իմ տունը»
«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը տխրել է «Սևիլիայի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում որոշ երկրպագուների պահվածքի պատճառով։ «Արքայական թիմի» պաշտպանը գոլի հեղինակ է դարձել, իսկ հանդիպման ընթացքում դաշտի տերերի երկրպագուներն անընդհատ սուլել են նրան։ Հիշեցնենք, որ Ռամոսը «Սևիլիայի» սան է և այդ թիմի կազմում է հանդես եկել 2002-2005 թթ.։
«Ես անհարգալից չեմ եղել «Սևիլիայի» երկրպագուների նկատմամբ,- Ռամոսի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ընդհակառակը՝ երկրպագուներից ներողություն եմ խնդրել։ «Սևիլիան» միշտ կլինի իմ տունը, անկախ այն բանից՝ ինձ կսուլե՞ն, թե՞ ոչ։ «Սևիլիայի» երկրպագուներն արժանի են հարգանքի, բացի նրանցից, ովքեր հանդիպման առաջին իսկ րոպեից սկսեցին հիշել իմ մորը»։