«Ալաշկերտը» կհանդիպի «Լոս Անջելես Գելեքսիի» և Մովսիսյանի «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ
Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի նախապատրաստական ծրագրում պլանավորված է 3-րդ ուսումնամարզական հավաքն անցկացնել փետրվարի 16-27-ն Ամերիկայի Միացյալ նահանգներում: Այսօր արդեն հստակեցվել է անդրօվկիանոսյան ուղևորության ժամանակացույցը:
Ակումբի լրատվության բաժինը տեղեկացնում է, որ թիմի պատվիրակությունը փետրվարի 16-ին Երևան-Դոհա-Լոս Անջելես չվերթով կմեկնի ԱՄՆ և կհանգրվանի Սանտա Բարբարայի «Ռեզիդենս Ինն Օքսնարդ Ռիվեր Ռիջ» հյուրանոցում: Փետրվարի 18-ին Հայաստանի չեմպիոնը կանցկացնի սույն ուղևորության շրջանակներում պլանավորված առաջին միջազգային խաղը՝ «Վեսթմենթ Քոլեջ» մարզադաշտում` հանդիպելով ՄԼՍ-ի Արևմտյան կոնֆերենցիայի առաջատարներից մեկի՝ «Լոս Անջելես Գելեքսիի» հետ:
Փետրվարի 18-26-ն «Ալաշկերտը» կհանգրվանի «Դեյս Ինն Գլենդել» հյուրանոցում: Փետրվարի 20-ին Հայաստանի չեմպիոնը Գլենդելի «Հայսքուլ» մարզադաշտում կանցկացնի 2-րդ միջազգային խաղը: Մրցակիցն ԱՄՆ-ի Պրեմիեր Դեվելոփմենթ Լիգան ներկայացնող «Վենդետա Քաունթի Ֆյուժոն» թիմն է:
Ուղևորության ավարտական հանդիպումն «Ալաշկերտը» կանցկացնի ՄԼՍ-ի Արևմտյան կոնֆերենցիայի մեկ այլ ներկայացուցչի՝ «Ռեալ Սոլթ Լեյք» թիմի հետ, որտեղ հանդես է գալիս մեր հայրենակից Յուրա Մովսիսյանը: Այս հանդիպումը տեղի կունենա ՈՒՍԻ մարզադաշտում: Հաջորդ օրն ակումբի ֆուտբոլային պատվիրակությունը կվերադառնա հայրենիք: