Ժամանակակից հայ կոմպոզիտորները գրել են ստեղծագործություններ հատուկ «Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակի համար
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի «Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակը (Գևորգ Ավետիսյան՝ ֆլեյտա, Դավիթ Գյուլամիրյան՝ կլարնետ, Նիկոլայ Պողոսյան՝ ֆագոտ, Լիլիթ Զաքարյան՝ դաշնամուր) հունվարի 15-16-ին համերգներ է ունենալու Մոսկվայում՝ Երաժշտության տանը և Ալեքսեյ Միխայելովիչ կայսրի պալատում։ Նվագախմբի դաշնակահարուհի Լիլիթ Զաքարյանը Panporama.am-ի հետ զրույցում ասաց, որ հրավերը ստացել են ռուսական կողմից: Համերգներին ներկայացնելու են Հարությունյանի, Խաչատրյանի, Չայկովսկու, Պրոկոֆևի, Մոցարտի ստեղծագործություններից:
Հունվարի 26-ին Ալեքսանդր Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը հանդես կգա Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ նշելով ստեղծման մեկ ամյակը: Միաժամանակ կայանալու է քառյակի առաջին ձայնասկավառակի հայաստանյան շնորհանդեսը: Համերգին հնչելու են Պյոտր Չայկովսկու, Ալեքսանդր Հարությունյանի, Սերգեյ Պրոկոֆևի, Լեոնարդ Բերնսթայնի գործերից:
Լ. Զաքարյանն ասաց, որ մեկ տարվա ընթացքում մի քանի համերգներ են ունեցել Հայաստանում, Չինաստանում ունեցել են հյուրախաղեր, որտեղ կայացել է իրենց ձայնասկավառակի շնորհանդեսը, ելույթ են ունեցել նաև Բեյրությում:
«Մենք դեռ մեկ տարեկան ենք, բայց արդեն հայ ժամանակակից կոմպոզիտորները հատուկ մեր կազմի համար գրել են ստեղծագործություններ, քանի որ մենք, գործիքային առումով, յուրահատուկ կազմ ենք, նման կազմերի համար գրեթե չկան գրված ստեղծագործություններ, դրա համար մեր կատարած բոլոր ծրագրերը հատուկ փոխադրումներ են: Ինչքան տեղյակ եմ, նման գործիքային կազմով խմբեր աշխարհում գոյություն չունեն, և այն ստեղծագործությունները, որոնք մենք կատարում ենք, կարծես նոր շունչ են առնում: Նախատեսում ենք գարնանը կատարել մեզ համար գրված հայ ժամանակակից կոմպոզիտորների աշխատանքները, որոնք պետք է հնչեն առաջին անգամ»,- ասաց Լիլիթ Զաքարյանը:
Նրա խոսքով, հենց առաջին իսկ համերգից քառյակը հանդիսատեսի կողմից ջերմ ընդունելության է արժանացել, ինչն էլ ոգևորել է իրենց թողարկել ձայնասկավառակ:
Ալեքսանդր Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը ստեղծվել է մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 95-ամյակի առթիվ։
Հարակից հրապարակումներ`
- Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը հյուրախաղեր կունենա Չինաստանում
- Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը համերգ է ունեցել Բեյրութում