Մոյես. «Նման խոսքեր կարող էր ասել իր թիմն ատող ֆուտբոլիստը»
«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը խոսել է թիմի կիսապաշտպան Ջերմեյն Լենսի մասին, ով վարձավճարով հանդես է գալիս թուրքական «Ֆեներբախչեում»: Ֆուտբոլիստը հարցազրույցներից մեկում ցանկացել է, որ «Սանդերլենդը» դուրս մնա Պրեմիեր լիգայից, քանի որ այդպես ինքն ավելի հեշտ կհեռանա այդ ակումբից: Այս մասին տեղեկացնում է euro-football.ru-ն:
«Դա խայտառակ, ամոթալի և անհարգալից վերաբերմունք է այն ակումբի հանդեպ, որին պատկանում ես: Նման խոսքեր կարող էր ասել այն ֆուտբոլիստը, ով ատում է թիմն ու ակումբի յուրաքանչյուր անդամի: Նրա խաղընկերներն ամեն շաբաթ ջանք չեն խնայում` Պրեմիեր լիգայում մնալու համար, իսկ նա այդպիսի խոսքեր է ասում: Դժվար թե որևէ մեկն այժմ ցանկանա Լենսին տեսնել այս թիմում»,- ասել է Մոյեսը:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 20-րդ տուրից հետո «Սանդերլենդը» վաստակած 15 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 18-րդ տեղում: Նույնքան միավոր ունի և վտանգավոր գոտում է գտնվում «Սոունսին», իսկ աղյուսակը 13 միավորով եզրափակում է «Հալ Սիթին»: