Հայաստանի շախմատի առաջատարը Զավեն Անդրիասյանն է
Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների երկրորդ տուրի 5 պարտիաներից չորսում սպիտակներով խաղացող շախմատիստներն առավելության են հասել իրենց մրցակիցների նկատմամբ: Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանն ու Հայկ Մարտիրոսյանը հաղթել են համապատասխանաբար Կարեն Գրիգորյանին, Մանուէլ Պետրոսյանին, Հովհաննես Գաբուզյանին և Ռոբերտ Հովհաննիսյանին: Տուրում միակ ոչ-ոքին արձանագրվել է Սամվել Տեր-Սահակյան - Տիգրան Հարությունյան պարտիայում: Այս մասին հայտնում է chessfed.am-ը:
Երկրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Զավեն Անդրիասյանը, ով 2 հնարավորից վաստակել է նույնքան միավոր: Արման Փաշիկյանն ու Հայկ Մարտիրոսյանն առաջատարից հետ են մնում կես միավորով, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Հարությունյանն ու Հովհաննես Գաբուզյանը վաստակել են 1-ական միավոր, Մանուէլ Պետրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը իրենց ակտիվում գրանցել են կեսական միավոր, իսկ Կարեն Գրիգորյանը դեռ միավոր չի վաստակել:
Երրորդ տուրի զույգեր
Հարությունյան-Անդրիասյան
Պետրոսյան Մ.-Տեր-Սահակյան
Հովհաննիսյան-Փաշիկյան
Գաբուզյան-Մարտիրոսյան
Գրիգորյան-Պետրոսյան Տ.
Կանանց մրցաշարի երկրորդ տուրում Մարիամ Ավետիսյանը տոնել է երկրորդ հաղթանակը և միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տուրում հաղթանակներ են տոնել նաև Սիրանուշ Ղուկասյանն ու Սուսաննա Գաբոյանը. նրանք առավելության են հասել համապատասխանաբար Նարե Առաքելյանի և Աննա Հայրապետյանի նկատմամբ: Գործող չեմպիոնուհի Մարիա Գևորգյանը ոչ-ոքի է խաղացել Նարինե Գասպարյանի հետ, խաղաղ ելք է գրանցվել նաև Աննա Սարգսյան-Արփինե Գրիգորյան պարտիայում:
Երկրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մարիամ Ավետիսյանը, ով վաստակել է 2 միավոր: Մարիա Գևորգյանն ու Արփինե Գրիգորյանն առաջատարից հետ են մնում կեսական միավորով, Սուսաննա Գաբոյանը, Աննա Սարգսյանը, Աննա Հայրապետյանն ու Սիրանուշ Ղուկասյանը վաստակել են 1-ական միավոր, Նարինե Գասպարյանն ու Արմինե Բաբայանը իրենց ակտիվում գրանցել են կեսական միավոր, իսկ Նարե Առաքելյանը դեռ միավոր չունի:
Երրորդ տուրի զույգեր
Բաբայան-Ղուկասյան
Գրիգորյան-Ավետիսյան
Գևորգյան-Սարգսյան
Հայրապետյան-Գասպարյան
Առաքելյան-Գաբոյան