ՄԱԿ. Հայաստանն ամբողջությամբ կատարել է իր ֆինանսական պարտավորությունները
Հայաստանը և Ուկրաինան ամբողջությամբ կատարել են իրենց ֆինանսական պարտավորությունները ՄԱԿ-ի 2017 թ. հերթական բյուջեում: Նյու Յորքում նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը:
«Ինը երկրներ՝ Անգոլան, Հայաստանը, Բենին, Դոմինիկյան Հանրապետությունը, Հունգարիան, Լիբերիան, Սենեգալը, Հարավային Սուդանն ու Ուկրաինան ողջ ծավալով կատարել են վճարումները, ՄԱԿ-ի անդամ ևս 17 երկրներ վճարումները կատարել են մասնակիորեն»,-կազմակերպության պաշտոնական էջի հաղորդմամբ, ասել է մամուլի քարտուղարը:
Առավել շատ վճարողը եղել է Հունգարիան՝ 4 մլն դոլար, ամենաքիչը վճարել է Լիբերիան՝ 25 հազար դոլար: Հայաստանի վճարի չափի վերաբերյալ կազմակերպության պաշտոնական էջում տվյալներ չկան:
Վճարի չափը որոշելիս հաշվի է առնվում վերջին տասը տարում տվյալ երկրում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի միջին ցուցանիշը:
Այսօրվա դրությամբ միջազգային կազմակերպության խոշորագույն հովանավորը շարունակում է մնալ ԱՄՆ-ն, որը ծածկում է կազմակերպության ծախսերի 22 տոկոսը: Ռուսաստանի պարագայում ցուցանիշը 2.5 տոկոս է:
Վճարումները վերաբերում են ՄԱԿ անդամ բոլոր երկրներին: Կանոնադրության համաձայն, երկու տարի գումարը չվճարելու պարագայում զրկվում է Գլխավոր Ասամբլեայում ձայնի իրավունքից: Անցած տարվա հունվարին այդ վիճակում 15 երկիր հայտնվեց: Մեկ ամսվա ընթացքում նրանցից յոթը՝ այդ թվում Իրանն ու Վենեսուելան կարողացան վերականգնել ձայնի իրավունքը: Մի քանի երկրների՝ մասնավորապես Յեմենին ու Սոմալիին ՄԱԿ-ում ներեցին՝ հաշվի առնելով քաղաքական ու տնտեսական ծանր վիճակը: