Ալեքսանդր Իսկանդարյանը՝ ներքաղաքական կյանքի ու ղարաբաղյան հակամարտության մասին
«Հայաստանի ներքաղաքական կյանքում այս տարվա ընթացքում, իհարկե, փոփոխություններ կլինեն: Դրանք արդեն սկսվել են՝ կապված ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա կարծիքով, սակայն ամենահետաքրքիրը ոչ թե ընտրություններն են լինելու, քանի որ առավել քան հստակ են արդյունքները, այլ ընտրություններից հետո իրավիճակը, երբ երկրում ձևավորվելու է քաղաքական նոր՝ խորհրդարանական համակարգ:
Քաղաքագետը նշեց, որ հետաքրքիր շրջան է լինելու նաև մինչև նախագահի լիազորությունների ավարտը. «Այդ շրջանում միահյուսվում է երկու տարբեր քաղաքական համակարգ. լինելու է նախագահ, ով ընտրվել է հին Սահմանադրությամբ, լինելու է խորհրդարան, որն ընտրվել է նոր Սահմանադրությամբ»:
Խոսելով արտաքին քաղաքականության, մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրի մասին, Ա. Իսկանդարյանը կարծիք հայտնեց, որ բանակցային գործընթացում որևէ բան չի փոխվի, քանի որ առկա հնարավորությունները շատ փոքր են, «հարաբերությունները հակամարտության գոտու ներսում շատ վատ են, ինչպիսին չեն եղել շատ վաղուց, գրեթե պատերազմի շրջանից»:
«ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն մի քանի տարի զբաղվում է ոչ թե հակամարտության կարգավորման փորձերով, դրա հնարավարությունը չունի, այլ զբաղում է բռնության նվազեցման փորձերով կամ փորձում է բռնությունը պահել որոշակի շրջանակներում»,- ասաց քաղաքագետը:
Խոսելով Ադրբեջանի՝ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին քայլերի մասին, նա նշեց, որ բռնությանները կշարունակվեն՝ կլինեն կրակոցներ, դիվերսիոն հարձակումներ:
«Կլինեն մեծ մասշտաբի էսկալացիաներ՝ ապրիլի նման, չգիտեմ, դժվար է ասել, բայց հնարավորությունը մեծ է, կախված է Ադրբեջանի ներքաղաքական, տնտեսական իրավիճակից, նավթի գնից»,- ասաց նա:
Հարցին, թե ԱՄՆ-ում նորընտիր նախագահ Դ.Թրամփի կողմից վարվող քաղաքականությունը ի՞նչ փոփոխություն կարող է բերել բանակցային գործընթացում, Ալ. Իսկանդարյանն ասաց, որ ընդհանուր առմամբ, միջազգային հանրության ուշադրությունը գնալով նվազում է Կովկասի նկատմամբ, ինչը կարող է ազդել ղարաբաղյան հակամարտության վրա: Ըստ նրա, այժմ միջազգային հանրության ուշադրությունն առավել սևեռված է Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում իրավիճակի, ՌԴ-Արևմուտք հարաբերությունների վրա: Նրա խոսքով, ուշադրության նվազումը որոշակի ազատություն է տալիս Ադրբեջանին:
Ինչ վերաբերում է ՀՀ-ում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հնարավոր փակմանը, նա նշեց, որ այն այս տարածաշրջանում միակ գրասենյակն է, Վրաստանում, Ադրբեջանում չկան նման գրասենյակներ:
«Չգիտեմ՝ ինչպես կլուծվի խնդիրը, բայց գիտեմ, ինչպես հայտարարել էին, որ միայն մեկ երկիր է դեմ, որ այդ գրասենյակը գործի Հայաստանում: Գուշակում ենք, թե որ երկրի մասին է խոսքը: Հուսանք խնդիրը կլուծվի: Բայց ասում եմ, հեղափոխություն չի լինի, որ գրասենյակը փակվի»,- ասաց քաղաքագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան