Այսօր կհրապարակվի «տոնածառի գործով» Գևորգ Սաֆարյանի դատավճիռը
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվող դատական նիստում ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանի ճառից հետո դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պատրաստելու այս գործով դատական վճիռը: Հեռանալուց առաջ Մարտիրոսյանը հայտարարեց, որ վճիռը կհրապարակվի ժամը 17:30-ին
Իր ճառում Սաֆարյանը անդրադարձավ այս գործով հսկողություն իրականացնող դատախազ Վահե Դոլմազյանին, ասաց, որ նա անտեսում է անմեղության կանխավարկածի սկզբունքը և հավելեց.
«Նա ասում է՝ եթե ապացուցված չէ, որ քաղաքացիները չեն հարվածել ոստիկաններին, դա դեռ չի նշանակում, որ քաղաքացիները չեն հրավածել: Հարգարժան դատախազ, նշանակո՛ւմ է, որովեհտև գոյություն ունի քաղաքացու անմեղության կանխավարկած, այսինքն՝ մարդը միշտ անմեղ է»:
Նա նկատեց, որ այս գործի շրջանակներում ձեռք բերված տեսանյութերը ու դրանց բովանդակությունը ամբողջությամբ հակասում են մեղադրող կողմի ներկայացրած վկաների ու չեն հակասում պաշտպանական կողմից ներկայացած վկաների տված ցուցմունքների հետ:
Անդրադառնալով դատախազի խոսքին, Սաֆարյանն ասաց, թե մեղադրողն այնպես է փորձում ներկայացնել, կարծես իրենք հարձակվել են ոստիկանական խմբի և մասնավորապես տուժած ճանաչված ոստիկան Գեղամ Խաչատրյանի վրա:
«Ակնհայտ երևում է՝ Գեղամ Խաչատրյանը հարձակվում ու հարվածում է տոնածառի հանդերձանքով քաղաքացիներին ու նրանց գցում գետնին: Այսինքն՝ ակնհայտ է, որ Գեղամ Խաչատրյանն է մոտենում ու հարվածում, առաջին հարվածը կատարել է այդ ոստիկանը», -նկատեց Սաֆարյանը:
Դատախազմի մեկ այլ վարքագիծ ևս զարմացրել էր Սաֆարյանին. «Դատախազը փաստացի հանդես եկավ Գեղամ Խաչատրյանի պաշտպանի դիրքերից՝ ասելով, որ եթե Գեղամ Խաչատրյանը ասում է, որ ինքը հայհոյել է, ապա դա չի նշանակում, որ Գեղամ Խաչատրյանը հայհոյել է: Գեղամ խաչատրյանը հենց ինքը դատարանում ասաց, որ այո, հայհոյել է: Այսքանից հետո կոծկել ու ասել, որ Գեղամ Խաչատրյանը կատարել է իր ծառայողական պարտականությունները, անընդունելի է»:
Ի դեպ, Սաֆարյանը դատարանում հայտարարեց, որ դա միակ դեպքը չէ, որ ոստիկանները հայհոյել ու իրենց նկատմամբ բռնություն են գործադրել, բայց իրենք շատ դեպքերում այդ հայհոյանքներին չեն արձագանքել: Նրա խոսքով, դատախազի համար հեշտ է նստել ու ասել՝ հայհոյել են:
«Ինչպես կարող ես անտարբեր լինել, երբ քեզ ամենավերջին բառերով են հայհոյում: Այդքանից հետո քեզանից պահանջում են լինել ծայրահեղ հանդուրժողական ու անգամ չհայհոյես: Երևի մոռանում եք, որ Գևորգ Սաֆարյանը և մյուս ցուցարարները նույնպես մարդ են», -հայտարարեց Սաֆարյանը:
Իր ճառի ավարտին Սաֆարյանը զուգահեռ անցկացրեց Կաֆկայի «Դատավարության» և Հայաստանի ներկայիս դատաիրավարական համակարգի միջև. «Երբ ես կարդում էի այդ գիրքը, ինձ թվում էր, որ Կաֆկան ապրում է մեր ժամանակներում ու գրում է Հայաստանի դատաիրավական համակարգի մասին:
Մեր դատաիրավական համակարգը հասել է աբսուրդի՝ ում ուզում դատում են, ում ուզում, չեն դատում, տուժողին դարձնում են մեղադրյալ, մեղադրյալին՝ տուժող: Չի կարելի անմեղ մարդուն դատել: Անգամ մեղավոր մարդուն չի կարելի դատել, եթե նրա մեղքը չի ապացուցվել»:
Դատական նիստերի դահլիճից հեռանալուց առաջ դահլիճից Սաֆարյանին հարցրին, թե ի՞նչ սպասելիքներ ունի դատարանից, ինչին ամբաստանյալը պատասխանեց. «Ոչ մի սպասելիք»:
Մյուս հարցին, թե ի՞նչ է կարծում դատարանից ազատ կարձակվի՞, կգնա՞ տուն, Սաֆարյանը պատասխանեց. «Ոչ, այսօր նորից կգնամ «Նուբարաշեն»»:
Նշենք, որ ավելի վաղ մեղադրող դատախազը պահանջել էր 2.5 տարվա ազատազրկման դատապարտել Սաֆարյանին:
Հիշեցնենք՝ նախորդ տարի Գևորգ Սաֆարյանը Ազատության հրապարակում 2016 թվականի սկզբին՝ Նոր տարվա գիշերը փորձել էր տոնածառ տեղադրել, նշել ամանորը, սակայն ոստիկանները թույլ չէին տվել: Նրան մեղադրում են այդ գիշերը ոստիկանների նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար: Այս գործով Գևորգի դեմ ցուցմունքները տվել են բացառապես ոստիկանները՝ Գեղամ Խաչատրյանը և նրա ղեկավարած «հրեշտակ» ոստիկանների գումարտակի ծառայողները, որոնք այս գործով ճանաչվել էին տուժողներ:
Հարակից հրապարակումներ`
- «Տոնածառի գործով» պաշտպան. Գևորգ Սաֆարյանին նման մեղադրանք է առաջադրվել ընդդիմադիր լինելու համար
- «Տոնածառի գործ». Դատախազը Գևորգ Սաֆարյանի համար 2.5 տարի ազատազրկում պահանջեց
- Գևորգ Սաֆարյանի փաստաբանը բացարկ կհայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանին
- ՀԱԿ-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել Գևորգ Սաֆարյանին
- Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով կանայք լուռ ակցիա իրականացրեցին
- Գևորգ Սաֆարյանի մեղադրանքը չի հաստատվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան