Մխիթարյան. «Մեր նպատակը լավագույն քառյակում հայտնվելն է»
Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի «Լիվերպուլի» հետ կայացած խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ իրենց գլխավոր նպատակն առաջատար քառյակում տեղ զբաղեցնելն է, իսկ դրա համար անհրաժեշտ է հաղթել յուրաքանչյուր խաղում: Այս մասին տեղեկացնում է manutd.ru-ն:
«Մարզադաշտում մթնոլորտը զարմանալի էր, միշտ ցանկանում ենք նման բան տեսնել ստադիոնում: Շնորհակալ ենք մեր երկրպագուներից, ովքեր հավատացին մեզ և աջակցեցին մինչև վերջին վայրկյանները:
Հանդիպման հաշիվը չի կարելի հաջող համարել, բայց մենք պարտվում էինք 0:1 հաշվով, այնպես որ վատ համարելը սխալ կլինի: Կարող էինք թե հաղթել, թե պարտվել, բայց, ըստ իս, այս խաղում արժանի էինք հաղթանակի, քանի որ շատ միասնական էինք գործում և ջանք չէինք խնայում` հաջողության հասնելու համար:
Հաշիվը հավասարեցնելուց հետո ավելացրեցինք ճնշումը` փորձելով ևս մեկ գոլ խփել, բայց, ցավոք, մեզ չհաջողվեց դա անել: 1:1 հաշիվն էլ վատ արդյունք չէ, քանի որ շարունակում ենք մեկ քայլ հետ մնալ առաջատար քառյակից, և հաջորդ խաղերում հնարավոր ամեն բան կանենք` նրանց մոտենալու համար»,- ասել է Մխիթարյանը:
Հայ ֆուտբոլիստը նաև հուսով է, որ Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակներում շաբաթ օրը կայանալիք «Ստոկ Սիթիի» հետ արտագնա խաղում մանկունյանցիները հաղթանակների նոր շարք կսկսեն:
«Իսկ ինչո՞ւ ոչ: Պետք է ամեն ինչ անենք` հաջորդ խաղում հաղթելու համար: Մենք չենք վազում ռեկորդների հետևից, մեր նպատակը լավագույն քառյակում հայտնվելն է, իսկ դա անելու համար պետք է հաղթել: Պետք չէ կառչել հաղթարշավներից, քանի որ հաղթանակների ցանկացած շարք ինչ-որ պահի ընդհատվում է: Պետք է պարզապես շարունակենք կատարել մեր աշխատանքն ու հաղթենք յուրաքանչյուր խաղում»,- նշել է Մխիթարյանը: