«Տատա Սթիլ». Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վեյ Յիի հետ
Նիդերլանդների Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվող «Տատա Սթիլ» մրցաշարում երեկ տեղի ունեցան մրցաշարի երկրորդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանի մրցակիցն էր չինացի պատանի գրոսմայստեր Վեյ Յին. պարտիայի 35-րդ քայլին կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի արդյունքի: Երկրորդ տուրում երկրորդ հաղթանակը տոնեց Պավել Էլյանովը: Մրցաշարում առաջին հաղթանակները գրանցեցին նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն ու Պենտալա Հարիկրիշնան: Այս մասին հայտնում է chessfed.am-ը։
Երկրորդ տուրից հետո առաջատարը Պավել Էլյանովն է , որն ունի 2 միավոր: Նրանից կեսական քայլ են հետ մնում Մագնուս Կարլսենն ու Պենտալա Հարիկրիշնան: 7 շախմատիստ, որոնց թվում է Լևոն Արոնյանը, վաստակել են 1-ական միավոր և կիսում են 4-10-րդ հորիզոնականները:
Այսօր կայանալիք երրորդ տուրում Արոնյանի մրցակիցն է Ադհիբան Բաշկարանը:
Մրցաշարի երրորդ տուրի պարտիաները կմեկնարկեն հունվարի 16-ին, Երևանի ժամանակով ժամը 16:30-ին: