Զավեն Անդրիասյանն ու Հայկ Մարտիրոսյանը գլխավորում են աղյուսակը
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում են Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները: Երեկ մրցաշարերում կայացան 4-րդ տուրի հանդիպումները:
Տուրի մեկնարկից առաջ մրցաշարի գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանը շնորհավորեց Տիգրան Հարությունյանին, ով երեկ նշում էր ծննդյան 20-ամյակը:
Չորրորդ տուրում առաջինն ավարտվեց Սամվել Տեր-Սահակյան-Ռոբերտ Հովհաննիսյան պարտիան: Կարճատև պայքարից հետո` պարտիայի 24-րդ քայլին, կողմերը հաշտություն կնքեցին: Կարճատև պայքարից հետո ոչ-ոքի գրանցվեց նաև Զավեն Անդրիասյան-Տիգրան Լ. Պետրոսյան պարտիայում: Այս մասին հայտնում է chessfed.am-ը։
4-րդ տուրում Կարեն Գրիգորյանի նկատմամբ հաղթանակ տոնեց առաջնության ամենակրտսեր մասնակից Հայկ Մարտիրոսյանը, ով իր ակտիվում գրանցեց 3 միավոր և միավորներով հավասարվեց մրցաշարի առաջատարին: Հայաստանի առաջնությունում երկրորդ հաղթանակը տոնեց Արման Փաշիկյանը, իսկ Տիգրան Հարությունյանը ոչ-ոքի խաղաց Մանուէլ Պետրոսյանի հետ:
4-րդ տուրից հետո Զավեն Անդրիասյանն ու Հայկ Մարտիրոսյանը վաստակել են 3-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արման Փաշիկյանն առաջատարներից հետ են մնում կես միավորով: Տիգրան Հարությունյանը վաստակել է 2 միավոր, Տիգրան Լ. Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանն ու Մանուէլ Պետրոսյանն իրենց ակտիվում գրանցել են 1,5-ական միավոր, իսկ Կարեն Գրիգորյանը` 1 միավոր:
Հինգերորդ տուրի զույգեր
Պետրոսյան Մ. – Անդրիասյան
Հովհաննիսյան – Հարությունյան
Գաբուզյան – Տեր-Սահակյան
Գրիգորյան – Փաշիկյան
Պետրոսյան Տ. – Մարտիրոսյան
Կանանց մրցաշարի 5 պարտիայից չորսն ունեցան հաղթական ավարտ: Տուրի կենտրոնական պարտիայում Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիա Գևորգյանը առավելության հասավ մրցաշարի առաջատար Մարիամ Ավետիսյանի նկատմամբ և միավորներով շրջանցեց նրան: Այս տուրում 3-րդ հաղթանակը տոնեց Աննա Հայրապետյանը: Մրցաշարում առաջին միավորը վաստակեց Նարե Առաքելյանը. նա առավելության հասավ Նարինե Գասպարյանի նկատմամբ: 4-րդ տուրում առաջին հաղթանակը տոնեց նաև Արմինե Բաբայանը: Տուրի միակ ոչ-ոքին գրանցվեց Սիրանուշ Ղուկասյան-Սուսաննա Գաբոյան պարտիայում:
4-րդ տուրից հետո Մարիա Գևորգյանն ու Աննա Հայրապետյանը վաստակել են 3-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Սուսաննա Գաբոյանը, Մարիամ Ավետիսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը առաջատարներից հետ են մնում կես միավորով: Արփինե Գրիգորյանը վաստակել է 2 միավոր, Արմինե Բաբայանն ու Աննա Սարգսյանը իրենց ակտիվում գրանցել են 1,5-ական միավոր, Նարե Առաքելյանը` 1, իսկ Նարինե Գասպարյանը` 0.5:
Հինգերորդ տուրի զույգեր
Գրիգորյան – Ղուկասյան
Գևորգյան – Բաբայան
Հայրապետյան – Ավետիսյան
Առաքելյան – Սարգսյան
Գաբոյան – Գասպարյան