Մենք աջակցելու ենք Սեյրան Օհանյանին. Ամարասի Արթուր
«Ժամանակն է՝ սկսենք Սփյուռքի մասին մտածել, որ կրթօջախները, մշակույթի կենտրոնների աշխատանքը այնպես կարողանանք կազմակերպել, որ հայապահպանությունը հզոր լինի: Այսօրվա դրությամբ հայապահպանության վտանգը կա Սփյուռքում», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախյան պատերազմի վետերան Արթուր Ալեքսանյանը՝ ներկայացնելով նորաստեղծ «Ամարաս» հասարակական կազմակերպությունը:
Ալեքսանյանը, նկատենք, ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանի փեսան է, որին անվանում են Ամարասի Արթուր:
Նա հստակեցրեց, որ «Ամարաս»-ը քաղաքական կազմակերպություն չէ և իրենց համախոհները սփյուռքահայությունն է, որը նրա խոսքով, ողջունել է «Ամարաս»-ի ստեղծումը:
Ալեքսանյանը նաև տեղեկացրեց, որ իրենց հետ հանդիպել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը. «Հանդիպեցինք, լսեց, ողջունեց, բայց ասեց, եթե նախաձեռնել եք ձեր գործն է, եթե լավ լինի, կողջունեմ, եթե լավ չլինի, դուք գիտեք, ձեր խնդիրն է»:
Հարցին, թե ի՞նչ է անելու կազմակերպությունը խորհրդարանական ընտրություններում, Արթուր Ալեքսանյանն ասաց, որ ինքը կանգնելու է Սեյրան Օհանյանի կողքին:
«Մենք ամեն ինչով աջակցելու ենք Սեյրան Օհանյանին, նրա դոկտրինային: Մենք մեր համախոհների հետ միասին անընդհատ քննարկում ենք ու պետք է ընտրարշավի ժամանակ պետք է փորձենք օգտակար լինենք: Ինչ ֆորմատով էլ նա գնա ընտրություններին, մենք աջակցելու ենք նրան», -հայտարարեց Ամարասի Արթուրը:
Դիտարկմանը, թե հասարակությունը ընտրություններից առաջ սպասում է անբասիր մարդկանց, գործիչների, Ալեքսանյանը արձագանքեց հարցով. «Իրենից անբասիր մարդ կարա՞ք գտնեք, մատնանշեք մեկին քաղաքական դաշտում»:
Նշենք, որ սպասվում է, որ Սեյրան Օհանյանը համագործակցելու է Վիկտոր Դալլաքյանի ղեկավարած «Երրորդ Հանրապետություն» կուսակցության հետ ու նրանց ցուցակով կմասնակցի խորհրդարանական ընտրություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին