Մենք ամեն ինչ փորձում ենք անել հենց մեզ համար. Ալեքսանդր Մարկարովը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի մասին
Դրական արձագանքելով այս փաստաթղթին, որը ներկայացվում է արտաքին աշխարհին, մենք ամեն ինչ փորձում ենք անել հենց մեզ համար, որովհետև հենց Հայաստանի բնակիչները նոր Սահմանադրությամբ, նոր ընտրական օրենսգրքով պետք է քաղեն այն դրական արդյունքները, որոնք մեզ սպասում են ապրիլյան ընտրություններից հետո: «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի «Կարիքների գնահատման առաքելության զեկույց»-ին, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Մարկարովի խոսքով, զեկույցի հեղինակների դրական սպասելիքները իրենց բացատրությունն ունեն:
«Ցանկացած միջազգային կազմակերպություն, որն իրականացնում է հետխորհրդային տարածաշրջանի երկրներում ընտրությունների անցկացման մշտադիտարկում այն երկրներում, որոնք ձգտում են ավելի խորացնել ժողովրդավարական գործընթացները և բովանդակությունը, որոնք ձգտում են ժողովրդավարությունը դարձնել առօրյա հաբիտուսի մի մաս, որոնք կուսակցությունների և լիդերների համար ժողովրդավարությունը հանդես է գալիս որպես քաղաքական մշակույթի անբաժանելի տարր, բնականաբար դրական են արձագանքում»,- նշեց քաղաքագետը և հավելեց, որ այն ամենը, ինչ արվում է Հայաստանում, չի արվում նրա համար, որ միջազգային կազմակերպությունները դրական գնահատեն բարեփոխման գործընթացները:
«Շատ կարևոր է, որ այդ գործընթացների դրական արձագանքը գտնեն իրենց տեղը քաղաքական դերակատարների և բնակչության մոտ, որոնք անմիջականորեն մասնակցում են այդ պրոցեսին և օգուտները պետք է քաղեն գործընթացների ժողովրդավարացումից»,- եզրափակեց քաղաքագետը: