Կրեմլը չի մեկնաբանում Թրամփի նախաձեռնությունները մինչ նրա երդմնակալությունը
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը չի մեկնաբանում միջուկային արսենալի կրճատման շուրջ ռուսական կողմի հետ բանակցություններ սկսելու Դոնալդ Թրամփի հայտարարությունը, քանի դեռ նա պաշտոնապես չի ստանձնել ԱՄՆ նախագահի պաշտոնը: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, այս մասին Պեսկովը նշել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Եկեք այնուամենայնիվ սպասենք մինչ պարոն Թրամփը կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը, որից հետո արդեն մեկնաբանություններ կանենք նրա այս կամ այն նախաձեռնության առնչությամբ»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին, հնարավոր էր համարել դրանց չեղարկումն այն դեպքում, երբ պաշտոնական Մոսկվան համաձայնի բանակցություններ սկսել միջուկային արսենալի կրճատման շուրջ:
Հարցին, թե այնուամենայնիվ Ռուսաստանն այդ առումով որևէ գործընթաց դիտարկում է, Պեսկովն ասել է. «Այդ առումով ներկայում որևէ տեսակի բանակցություններ չեն ընթանում, ինչպես որ գիտեք»:
Այդուհանդերձ, Պեսկովը համաձայնել է Թրամփի այն դիտարկմանը, որ ՆԱՏՕ-ն որպես ռազմաքաղաքական կառույց հնացել է: