Յուրգեն Կլոպ. «Չեմ կարող ասել, որ ուրախ եմ 100 տոկոսով»
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Անգլիայի առաջնության արտագնա խաղում 1։1 հաշվով արձանագրած ոչ-ոքիից հետո նշել է, որ թիմը լավ ֆուտբոլ է ցուցադրել։ Մասնագետի խոսքերով՝ ինքը գոհ է խաղից, բայց ոչ արդյունքից։
«Խաղից առաջ շատերը կարծում էին, որ մենք կպարտվենք, քանզի «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթական ընթացքի մեջ է,- Կլոպի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Հաշվի առնելով մեր խնդիրները՝ ուրախ եմ, որ թիմը կարողացավ լավ ֆուտբոլ ցուցադրել։ Հաջողվեց համարձակ գործել, կարողացանք ազատ տարածություն ստեղծել և գոլ խփեցինք։
Խաղի վերջում մրցակիցն սկսեց գնդակներն ուղարկել Իբրահիմովիչին ու Ֆելլաինիին։ Հնարավոր չէ 90 րոպե խաղալ այդպիսի ինտենսիվությամբ։ Հույս ունեի, որ բախտը կժպտա մեզ, սակայն, ցավոք, դա տեղի չունեցավ։
Ընդհանուր առմամբ՝ ամեն ինչ նորմալ է։ Վաղը ես գոհ կլինեմ արդյունքից, իսկ այժմ գոհ եմ միայն խաղից։ Չկարողացանք հաղթել, ահա թե ինչու չեմ կարող ասել, որ 100 տոկոսով ուրախ եմ»։