Շուշիի պատմության թանգարանի այցելուների քանակը նվազել է ապրիլյան պատերազմից հետո. Տնօրեն
Շուշիի պատմության թանգարանը նախորդ տարի ունեցել է 2207 այցելու, որից 480-ը` օտարերկրացիներ, 620-ը՝ ՀՀ-ից, 854-ը՝ ԼՂՀ –ից, ուսանողներ` 253: Այդ ցուցանիշները 2015թ. եղել են 2596 այցելու, որից 650-ը` օտարերկրացիներ, 470-ը՝ ՀՀ-ից, 753-ը՝ ԼՂՀ –ից, ինչպես նաև 723ուսանողներ: Panorama.am-ի հետ զրույցում թվային տվյալները ներկայացրեց Շուշիի պատմության թանգարանի տնօրեն Աշոտ Հարությունյանը: Նա ընդգծեց, որ այցելուների քանակի նվազումը հիմնականում կապված է ապրիլյան պատերազմի հետ:
Թանգարանի հիմնական այցելուները, նրա խոսքով, ուսանողներ են և օտարերկրյա տարեցներ՝ հիմնականում գիտական շրջանակներից:
Հարցին, թե այցելուներին, մասնավորապես օտարազգի, թանգարանում ներկայացված ցուցանմուշներից ի՞նչն է ավելի շատ հետաքրքրում, ի՞նչ կարծիքներ են հայտնում, Ա. Հարությունյանն ասաց. «Պիտի նշեմ, որ օտարերկրյա այցելուների մեծ մասը քաջատեղյակ են ավանդական պատմությանը և նրանց հետաքրքրում է Շուշիի թանգարանի կողմից ներկայացվող տեսակետը: Մեր տվյալները հիմնականում կառուցվում են 2005թ. անցակցված հնագիտական պեղումների, 1973-75թթ. Խորհրդային Ադրբեջանի հնագետների տվյալներ քննական վերլուծության և Մատենադարանի թիվ 8211 արխիվային նյութի վրա: Նրանց համար աշխույժ քննարկման թեմա է խանության ժամանակաշրջանի մեր տարբերակը, որը իմ շուրջ 20 տարվա ուսումնասիրությունների ամփոփ տարբերակն է, և նրանք գոհ են լինում ստացած տեղեկություններից: Բոլոր այցելուների միահամուռ կարծիքն այն է, որ պատմության թանգարանի համար շենքային պայմանները տիպային չեն և պետք է ունենալ ազդեցիկ ու մեծ շինություն: Այցելուին հետաքրքրում է պատմական տվյալների մեր վերլուծությունները, որոնք երբեմն ժխտում են հրապարակում առկա երկկողմ պաշտոնական տվյալները: Նրանց մոտ մեծ հուզմունք է առաջացնում Թադևոս Թամիրյանցի ընդունարանի վերականգնումը, որը Թուֆենկյան հիմնադրամի և Քաբաբջյանների համագործակցված ներդրման արդյունք է»:
Շուշիի պատմության թանգարանն ունի շուրջ 5000 ցուցանմուշ: Թանագարանի ցուցանմուշների համալրումն, Ա. Հարությունյանի խոսքով, այս տարիներին հիմնականում կատարվել է նվիրատվությունների միջոցով, աստիճանաբար առաջնությունը տրվում է զուտ հնագիտական պեղումներից ակնկալվող նյութերին:
Նա նշեց, որ նախորդ տարի կազմակերպել են չորս հիմնական ցուցահանդես, որոնցից հատկապես այցելուների վրա մեծ ազդեցություն է գործել «Դարերի հանգրվանը»: Թանգարանի տնօրենն ասաց, որ 2017թ. նախատեսում են կազմակերպել ցուցահանդեսներ հետևյալ թեմաներով՝ «Շուշիի հայ բնակչության 1920 թ. մարտյան ցեղասպանությունը», «Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձը», «Դարերի հանգրվանը», «Շուշի քաղաքի հերոսական պաշտպանության 191-րդ տարեդարձը»:
Շուշիի պատմության թանգարանի շենքը կառուցվել է XIX դարի սկզբին, որտեղ ապրել է ցարական բանակի հայտնի փոխգնդապետ Իսայի Ղարամյանցի ընտանիքը, այնուհետև որոշ ժամանակ այն հասարակական նշանակության շենք է եղել, որտեղ ապրել են շուշեցի հայտնի գործիչներ՝ ճարտարապետ Սիմոն Տեր-Հակոբյանը, կոմպոզիտոր, խմբավար Գրիգոր Սյունին, Րաֆֆին:
Խորհրդային տարիներին՝ մինչև 1973 թվականը, շենքը ծառայել է որպես քաղաքի ծննդատուն, հետո փոփոխվել ու հարմարեցվել է արևելյան գորգերի թանգարանի:1992 թվականի մայիսի 28-ից շենքում գործել է Շուշիի պատմաերկրագիտական թանգարանը, իսկ այսօր այն Շուշի քաղաքի պատմության թանգարանն է:
Լուսանկարները՝ hushardzan.am կայքից:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը վերակառուցվելու է
- Ստեփանակերտի պատկերասրահը տարեկան ունենում է շուրջ 2000 այցելու
- Ապրիլյան պատերազմը բացասական ազդեցություն է ունեցել Արցախի զբոսաշրջության վրա
- Նիկոլ Դումանի տուն-թանգարանը նպաստել է Արցախի զբոսաշրջային ներուժի զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը. տնօրեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին