Նախորդ տարվա վերջին եռամսյակում գերակշռել են թմրամիջոցների ապօրինի ներկրման դեպքերը. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունները համատեղ 2016 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին բացահայտել են մաքսային կանոնների խախտման 46 դեպք:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ բացահայտումների վիճակագրությունը փաստում է, որ նախորդ տարվա վերջին եռամսյակում ևս գերակշռել են տարբեր տեսակի թմրանյութերի և հոգեմետ դեղերի ապօրինի տեղափոխման փորձերը. արձանագրված 11 այդպիսի դեպքով քաղաքացիները մաքսային հսկողությունը շրջանցելու նպատակով կիրառել են տարբեր հնարքներ` հիմնականում նախապատվությունը տալով փոստային առաքանիների ուղուն:
Կանխվել է նաև օրինախախտ ճանապարհով Վրաստանից Հայաստան դեղորայքի ներկրման մի քանի փորձ, բացի այդ, այս ամիսներին փորձ է արվել մաքսային կանոնների խախտմամբ երկիր տեղափոխել տարբեր մոդելի 267 բջջային հեռախոս, ինչպես նաև սննդամթերք, զարդեր, բժշկական սարքավորումներ և այլն: Արձանագրվել են նաև ապրանքների թերհայատարարագրման, մաքսային ապահովման միջոցի վնասման և մաքսային կանոնների խախտման այլ փորձեր: