Տնտեսություն 17:59 16/01/2017

Վարչապետին է ներկայացվել ՏՀՏ ոլորտի զարգացման նախագծերի փաթեթ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) բնագավառի զարգացման վերաբերյալ հերթական քննարկումը:
Կառավարության ղեկավարին է ներկայացվել մինչև 2025 թվականը շուկայի պահանջներին բավարարող ՏՀՏ ոլորտի բարձրակարգ մասնագետների պատրաստման, բուհերի կարողությունների զարգացման, այդ թվում՝ անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներով հագեցվածության ապահովման, ՏՀՏ ոլորտի ընկերությունների խթանման առարկայական նախագծերի փաթեթ:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այն մշակվել է շահագրգիռ գերատեսչությունների և ոլորտի ներկայացուցիչների համատեղ աշխատանքային խմբի գործունեության արդյունքում: Փաթեթը նախատեսում է մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումներ և ՏՀՏ ոլորտի աշխատուժի զարգացմանը վերաբերող կոնկրետ նախագծեր՝ պետություն-մասնավոր համագործակցությամբ: Փաթեթով նախատեսվող միջոցառումների արդյունքում ակնկալվում է մինչ 2025 թ.-ը ՀՀ-ում ստեղծել 40 հազար ինժեներական աշխատատեղ, հայաստանյան ՏՀՏ ոլորտ ներգրավել ոչ միայն սփյուռքահայ, այլ նաև արտերկրի բարձրակարգ մասնագետների:    

Վարչապետը կարևորել է պետական գերատեսչությունների, ՏՀՏ ոլորտի ընկերությունների և կրթական կենտրոնների միջև ակտիվ ու շարունակական համագործակցությունը:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ քայլեր իրականացնել՝ բարձրակարգ մասնագետների պատրաստման, ոլորտի խթանման նպատակով: Գործադիրի ղեկավարը հորդորել է ՏՀՏ բնագավառի ներկայացուցիչներին ներկայացնել նաև  գործարար միջավայրի բարելավմանն ուղղված առաջարկներ: Վարչապետը պատրաստակամություն է հայտնել քննարկել բիզնեսի խթանմանն առնչվող բոլոր հարցերը և առաջարկել ձևակերպել, թե որ օրենքի, կառավարության որ որոշման փոփոխությունը կարող է նպաստել ՏՀՏ ծրագրերի իրականացմանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}