Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը` հունահռոմեական ոճի ըմբշամարտի Շվեյցարիայի հավաքականի գլխավոր մարզիչ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հայազգի լեգենդար վարպետներից մեկը` Բարսելոնի 1992 թ. Օլիմպիկաան խաղերի փոխչեմպիոն, 45-ամյա Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը նշանակվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Շվեյցարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը հայազգի ամենատիտղոսակիր ըմբիշներից մեկն է: Նա աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր է: 1994 թ. աշխարհի և 1992 թ. Եվրոպայի չեմպիոն է, բացի այդ էլ 4-ական անգամ դարձել է աշխարհի (1993 թ. 1995 թ. 1997 թ. 1999 թ.) ու Եվրոպայի (1991 թ. 1994 թ.1996 թ. 2000 թ.) առաջնությունների բրոնզե մեդալակիր, 1995 թ.` Եվրոպայի փոխչեմպիոն:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տաղանդաշատ ըմբիշը 1992 թ. իր ընտանիքի հետ մեկնել է ԱՄՆ, իսկ 1993-ին ԱՊՀ հավաքականի իր ընկեր Արավատ Սաբեևի առաջարկով տեղափոխվել է Գերմանիա և, ընդունելով երկրի քաղաքացիություն, սկսել է ելույթներ ունենալ այդ երկրի դրոշի ներքո: Նա ԳՖՀ-ի հավաքականի կազմում մասնակցել է 1996 և 2000 թթ. Օլիմպիական խաղերին, որոնցում գրավել է համապատասխանաբար 9-րդ և 5-րդ տեղերը, իսկ վերջին ելույթն եղել է 2002 թ. աշխարհի առաջնությունը, որտեղ գրավել է 11-րդ տեղը:
Հայրենիքում այսօր էլ բարձր է գնահատվում մեծանուն ու լեգենդար ըմբիշի վաստակը: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած ծառայությանների համար Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը 2015 թ. սեպտեմբերին ՀԱՕԿ-ի հիմնադրման 25-ամյակի առթիվ պարգևատրվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շքանշանով: