Ռազմաարդյունաբերության ոլորտում հայ գիտնականը կարող է լուծել ցանկացած բարդ խնդիր. Սամվել Հարությունյան
«Ռազմաարդյունաբերության ոլորտում ֆինանսավորվող ծրագրերը վերաբերում են և զինվորների կենցաղային պայմանների բարելավմանը, և ինժիներատեխնիկական, ռազմատեխնիկական բազմաթիվ խնդիրների լուծմանը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը՝ անդրադառնալով ռազմաարդյունաբերության ոլորտում գիտության դերակատարությանը:
Նրա խոսքով՝ այս ոլորտում հայ գիտնականը կարող է լուծել ցանկացած բարդ խնդիր, եթե ուղղորդված պատվերներ լինեն. «Այս ուղղությամբ նոր կառավարությունը՝ ի դեմս վարչապետի, բավականին վճռական է տրամադրված, և հույս ունեմ, որ առաջիկայում մեր մշակումների մի մասը, որոնք այսօր ուղղակի պահեստավորված են, հետագայում կունենան լուրջ կիրառություններ: Մեր հանրապետության գիտական պոտենցիալը ի զորու է լուծել շատ բարդ խնդիրներ, ինչպես պաշտպանական, այնպես էլ տնտեսական հարցերի հետ կապված: Անցած տարի պաշտպանության նախարարությունից 42 ծրագիր ենք ֆինանսավորվել»:
Ինչ վերաբերում է պետբյուջեի կողմից գիտության ֆինանսավորմանը՝ Սամվել Հարությունյանը նշեց, որ գիտությունն այն եզակի ոլորտներից է մեր երկրում, որի բյուջեն օրենքով պաշտպանված է, այսինքն պետբյուջեի աճին զուգընթաց աճում է նաև գիտության ոլորտի բյուջեն. «Այս տարի աճ ունենք, Ճիշտ է այդ աճն այդքան էլ շատ չէ, մոտ 0,8 տոկոս, բայց դրանք մենք հիմնականում տրամադրելու ենք «Հորիզոն 2020»-ի ասոցացման վարձավճարները մուծելու համար: Հույս ունենք, որ այն գումարները, որոնք տրվում են ԵՄ-ին որպես ասոցացման անդամ, զգալի մասը հետ է վերադառնալու և միգուցե կրկնապատիկ»:
Անդրադառնալով հասարակություն-գիտություն կապի վերստեղծմանը՝ գիտության պետական կոմիտեի նախագահն ասաց, որ վերջին տարիներին հասարակության կողմից գիտության ընկալումն ավելի լավացել է. «Մրցույթները, միջազգային համագործակցությունները բավականին դրական ազդեցություն են թողել, բայց կարծում եմ դա բավարար չէ, որ հասարակությունը գիտությունն ընկալի այնպես, ինչպես որ պետք է: Ամեն դեպքում ժամանակ և աշխատանք է պահանջվում, որպեսզի հասարակություն-գիտություն կապը դառնա ավելի շոշափելի»:
Բանախոսը հավելեց նաև, որ ներկայումս մեր երկրում գիտության ոլորտում 6700 աշխատող կա, որոնցից 1200 -1300-ը՝ 200 հազարից մինչև 450 հազար դրամ աշխատավարձ են ստանում. «Այսօր գիտության դոկտորը ստանում է մոտավորապես միջինը 130 հազար դրամ աշխատավարձ, իսկ թեկնածուն՝ 105-110 հազար դրամ: Սակայն մենք հասել ենք նրան, որ ակտիվ գիտնականը տարբերվում է և կարողանում է բազմաթիվ ծրագրերից գումար ստանալ՝ թե բազային ծրագրերից, և թե միջազգային ու տեղական: Այսօր միջազգային ռեյտինգ ունեցող 400 գիտնական ունենք, դա շատ լուրջ թիվ է մեզ նման երկրի համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան